Արդարադատության նախարարությունը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը
19:44 - 07 ապրիլի, 2022

Արդարադատության նախարարությունը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների 5-րդ հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և երկու ծրագրերի համակարգող Նինո Գոբրոնիձեն։

«Ողջույնի խոսքում Մարտին Շմիդտը կարևորել է երկու ծրագրերով ունեցած ձեռքբերումները և նշել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրի շրջանակներում ևս դիտարկվում է բանտային բժշկության և պրոբացիայի ոլորտների բարեփոխումների հետագա շարունակականությանը վերաբերող միջոցառումների նախատեսումը:

 Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվորպայի խորհրդին, ի դեմս գրասենյակի ղեկավարի` Մարտինա Շմիդտի,  ունեցած փայլուն համագործակցության համար` կարևորելով երկու ծրագրերի իրապես մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը:

Միաժամանակ, Սարգսյանը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու Նախարարության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրում կունենան ավելի լայն և ընդգրկուն համագործակցության օրակարգ, ինչը միտված կլինի թե՛ գործող ծրագրերի արդյունքների ամրապնդմանը և թե՛ նոր թիրախների նախանշմանը և հասցեագրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են երկու ծրագրերի շրջանակում իրականացված գործողությունները, արդյունքները և առաջիկա քայլերը։ Այնուհետև հարցուպատասխանի միջոցով համակարգող խորհուրդների անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։

Ծրագրերը թիրախավորում են մի շարք կարևոր համակարգային լուծում պահանջող հարցեր, այն է.
1) Հոգեկան առողջության զննություն.
2) Խոշտանգումների կանխարգելում.
3) Ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելում.
4) Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացում:

Նշվում , որ վերոնշյալ ծրագրերը ֆինանսավորում են Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել