Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

 |armenpress.am|
15:37 - 07 ապրիլի, 2022

Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում:

«Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց այս թեմայով հայկական կողմի դիրքորոշումը, որն ինքը հրապարակել է, ապա շարունակեց. « Ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը»:

Նրա խոսքով՝ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել