Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ
09:50 - 07 ապրիլի, 2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկրորդ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երեկ՝ ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման համար։

Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու համար, ինչպես նաև խթանելու, որ Հարավային Կովկասը լինի ապահով, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումները: Նրանք վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք քննարկել են վերջին լարվածությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել են այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ ապահովելու համապատասխան հետևողականություն առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նախագահ Միշելը շեշտել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա ընդգծել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում պահվող գերիների ազատումը և անհետ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու այդ նախաձեռնությանը: 

ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և ավելացնելով ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանը և վերակառուցմանը:

Նախագահ Միշելը նշել է և՛ վարչապետ Փաշինյանը, և՛ նախագահ Ալիևի հայտարարած ցանկությունը՝ արագորեն շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կներկայացնի բոլոր անհրաժեշտ խնդիրները։

Երկու երկրների սահմանի սահմանագծումը և սահմանազատումը էական կլինեն․ այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ հրավիրել Սահմանային համատեղ հանձնաժողով, որի մանդատը կլինի․

1․ սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը 

2․ ապահովել կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով և դրա մերձակայքում:

Նախագահ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն:

Ղեկավարները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի ու հաղորդակցության ենթակառուցվածքի վերականգնման հարցը առհասարակ և ավելի լայն առումով՝ Հարավային Կովկասում։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին գտնելու արդյունավետ լուծումներ ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու հաղորդակցության ուղիների զարգացմանը, ինչպես իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան, այնպես էլ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը՝ ընդհանուր նախագծերը սահմանելու համար:

Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել մնալ հաղորդակցության մեջ»։

 

Լուսանկարները՝ ԵՄ խորհրդի պաշտոնական կայքից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել