Նախարար Սանոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ջրային ոլորտում համագործակցության հարցեր
17:08 - 06 ապրիլի, 2022

Նախարար Սանոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ջրային ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ բազմաշերտ համագործակցությունը։

Դեսպան Վիկտոր Ռիխտերը ևս շեշտել է երկու երկրների երկարամյա համագործակցության և իրականացված աշխատանքների կարևորությունը և հավաստել, որ պատրաստակամ են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության բարեփոխումներին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում:

 «Գերմանական կողմից կցանկանայի վերահաստատել այն մեծ շահագրգռվածությունը և հետաքրքրությունը, որ եղել է և կա Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ»,-ասել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ, ջրային ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։

Քննարկվել է նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, ինչպես նաև՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների գործարկման ընթացքը։ 

Նախարարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքը։

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը վերահաստատել է, որ իրենց  մանդատի շրջանակում այսուհետ ևս կշարունակեն արդիականացնել, կահավորել, բարելավել քաղաքացիների սպասարկման գրասենյակները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել