«Անկախ դիտորդը» ներկայացրել է Վեդիի արտահերթ ընտրություններին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները
16:47 - 01 ապրիլի, 2022

«Անկախ դիտորդը» ներկայացրել է Վեդիի արտահերթ ընտրություններին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները

2022 թ․ մարտի 27-ին Վեդի համայնքում տեղի են ունեցել համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Համայնքում ձևավորվել է 28 տեղամաս։ «Անկախ դիտորդը» ներկայացրել է Վեդիի արտահերթ ընտրություններին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները։

Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում և տեղամասային կենտրոնների շրջանակներում դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումներն են եղել կուտակումները, ընտրողների տեղափոխությունը, քվեախցիկում մեկից ավել անձանց միաժամանակյա գտնվելը:

Հարկ է նշել, որ առանձին տեղամասերի շրջակայքում (50 և 100 մ շառավղով) կուտակումները բաղկացած են եղել երկու ուժերի ներկայացուցիչներից կամ բաժանված են եղել երկու ճամբարների և կրել ոչ միայն տևական, այլև շուրջօրյա բնույթ՝ շարունակվելով մինչև ձայների հաշվարկի ավարտը և վերափոխվելով տոնախմբության «իրենց» թեկնածուի հաղթանակի դեպքում: Ի տարբերություն հաճախ հանդիպող 5-10 հոգանոց կուտակումների, այս ընտրություններին առաքելությունը ականատես էր դարձել որոշ դեպքերում մի քանի տասնյակ մեքենաների և մարդկանց հավաքների: Միաժամանակ հարկ է նշել, որ միայն 4 դեպքում են նկատվել կուտակման հետ զուգորդվող ընտրողների տեղափոխության դեպքեր: Այս իրադրության վրա կանգ առնելով անհրաժեշտ է պարզաբանել. 3 բնակավայրերում ընտրողների տեղափոխությունը իրականացվում էր թեթև մարդատար ավտոմոբիլներով՝ բազմաթիվ անձանց կողմից, սակայն դիտարկվող ժամանակահատվածներում 1-2 անգամ մեկական անձ, իսկ Վանաշեն բնակավայրում՝ Երևան-Վեդի երթուղային ավտոբուսի միջոցով: Չնայած դիտորդները ավտոբուսը տեսել են դատարկ երթևեկելիս, ԻՀՀ կուսակցության վստահված անձի խոստովանությամբ տեղափոխությունը կազմակերպված է եղել հենց իր կուսակցության կողմից՝ երևանաբնակ համագյուղացիների համար:

Վիճաբանության երեք դեպքերից երկուսը կապված են եղել ՔՊ կուսակցության հետ: Եթե դեպքերից մեկը իրենից ներկայացնում էր հաճախ հանդիպող՝ հանձնաժողովի նախագահի և վստահված անձի միջև բուռն անհամաձայնություն, ապա մյուսը՝ տվյալ ընտրություններում որևէ կարգավիճակ չունեցող ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների վեճն էր ԻՀՀ վստահված անձի, 168.am լրատվական կայքի ներկայացուցչի և տեղամասում հերթապահություն իրականացող ոստիկանի հետ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղազարյանն և Ասլանյանը տեղամասերով շրջագայելով նկատել էին տեղամասային կենտրոններից մեկում (սակայն ոչ քվեարկության սենյակում) ԻՀՀ 2-րդ վստահված անձի և ինքնուրույն դուրս հրավիրել նրան: Վեճը բավականին տևական բնույթ էր կրում քանի որ պատգամավորները ոչ միայն չէին հեռանում ՏԿ տարածքից, պնդելով իրենց ներկայության «սահմանադրական իրավունքը», այլև մտել էին քվեարկության սենյակ և հեռացել միայն հանձնաժողովի նախագահի հորդորից հետո: Դիտարկման ընթացքում ակնհայտ է դարձել, որ պատգամավորներն իրենց հերթին չեն ունեցել տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ և վստահեցրել են, որ իրենց պատգամավորական մանդատն իրավունք է տալիս գտնվել տեղամասային կենտրոնում։

Մինչդեռ դիտորդների կողմից արձանագրած երեք վիճաբանություններից որևէ մեկի դեպքում բռնություն չի կիրառվել և բուն վեճի խոսույթը չէր պարունակում ճնշման կամ մասնագիտական գործառույթները իրականացնելու խոչընդոտ, առաքելությանը հայտնի է դարձել Ուրցաձոր բնակավայրում ծեծի մեկ դեպք: Այս դեպքն էլ, երկու կողմի ներկայացուցիչների պնդմամբ, կրում էր կենցաղային շարժառիթներ, որոնք սրվել էին քաղաքական պայքարի ֆոնին: Այնուամենայնիվ, դեպքի վերաբերյալ գործ է հարուցվել ոստիկանության կողմից Քր. օր.-ի 149.2 հոդվածի հիմքով:

Լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք է արձանագրվել, Լուսառատ բնակավայրում, որտեղ կուտակման մասնակիցներից մի քանիսը վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում News.am լրատվականի թղթակցի հասցեին: Այնուամենայնիվ, իրավիճակը հանգուցալուծվեց ոստիկանների օգնությամբ, որոնք տարածքից հեռացրեցին մեկ անձի:

Ընտրողների կողմից քվեարկությունից առաջ կամ հետո կուսակցության շտաբ մտնելը նկատվել է Եղեգնուտ և Լուսառատ համայնքներում՝ երկու դեպքում էլ խոսքը գնում է ՔՊ կուսակցության շտաբների մասին:

Քվեարկության գաղտնիության բացահայտման արձանագրված մեկ դեպքը վերաբերում էր միայն քվեարկությունից հետո որպես օգնող գրանցված քաղաքացու կողմից այլ անձի հետ քվեարկության խցիկ մուտք գործելուն: Միաժամանակ առաքելությանը հայտնի են դարձել Վեդի քաղաքի 13/5 տեղամասում քվեարկած քվեաթերթիկի լուսանկարման երկու դեպք՝ յուրաքանչյուր կուսակցության օգտին մեկական քվեաթերթիկի: Երկու դեպքում էլ ոստիկանությունը բացատրություն է վերցրել ընտրողներից և հանգամանքները ուսումնասիրվում են:

Քարոզչության ակներև դեպք է արձանագրվել Սիսավան համայնքում, որտեղ հանձնաժողովի 2 անդամները (Հայաստան խմբակցության և ԸԸՀ-ի կողմից նշանակված) ԻՀՀ առաջին համարի թեկնածու, միևնույն համայնքի նախկին ղեկավարի քվեարկության ժամանակ հոտնկայս ծափահարություններով դիմում էին մյուս անդամներին և Թարթիկյանի հետ տեղամաս ժամանած լրագրողներին. «Ողջունենք մեր հաղթանակած թեկնածուին» կոչերով: Դաշինքի դիտորդները ծանոթացել են իրավիճակին տեղամասի գրանցամատյանում արված արձանագրությունից, ինչից հետո առանձնազրույցներ են ունեցել հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և միջադեպում ներգրավված երկու անդամների հետ՝ կողմերից ոչ մեկը չի վիճարկել արձանագրության ճշմարտացիությունը: Զրույցների բովանդակությունից պարզ է դառնում, որ խնդրահարույց է եղել նաև ԶԼՄ-ների վարքագիծը. Հ2 հեռուստատեսության թիմը տեղամասի մոտ իրականացրել է կարճ հարցումներ ընտրողների հետ, հարցադրելով, արդյո՞ք «դուք ուզու՞մ եք ունենալ հզոր համայնք», թեկնածուի հետ ՏԿ մտած ԶԼՄ-ների ներկայացուցիչները չէին գրանցվել գրանցամատյանում, նկարահանել են միայն ծափողջույնների հատվածը և դադարեցրել նկարահանումը, երբ հանձնաժողովի նախագահը նկատողություն է արել հանձնաժողովի անդամներին: Այնուհետև, խնդրահարույց է նաև հանձնաժողովի նախագահի վարքագիծը, ով հեռացրել է տեղամասային կենտրոնից լրագրողներին՝ առանց ընթացակարգերը հարգելու:

Ընդհանուր առմամբ տարբեր ժամերին համայնքում խնդիրների ռիսկայնությունը տարբերվել  է, ինչպես դա երևում է դիտորդների կողմից յուրաքանչյուր երեք ժամը ներկայացվող ամփոփ զեկույցներից։ Ռիսկայնությունը գնահատվել է 1-4 սանդղակով, որտեղ 4-ն առավելագույն ռիսկայնությունն է։ Գնահատականի հիմքում դիտորդները հաշվի են առել ոչ միայն իրենց դիտարկած միջադեպերը, այլև երկու կողմերի վստահված անձանց, տարբեր խմբակցություններից ներկայացված հանձնաժողովի անդամների և այլ աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունները: Ստորև բերված գծապատկերում ներկայացված են դիտորդների միջինացված գնահատականները։

Այսպիսով օրվա ընթացքում հիմնական խնդիր են եղել կուտակումները, ապա կողմնակի անձանց ներկայությունը և հանձնաժողովների ոչ կոմպետենտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել