Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել

 |armenpress.am|
16:40 - 01 ապրիլի, 2022

Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիներին հորդորում է չկորցնել զգոնությունը, պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ հիմա, երբ դեպքերը նվազել են, իմունիտետի բավարար շերտ ձևավորելու լավ հնարավորություն է ստեղծվել: Ավանեսյանն այս մասին ասաց  պատվաստումների ցածր թվերի վերաբերյալ հարցին ի պատասխան:

«Երբ կորոնավիրուսային վարակի թվերն իջնում են, զգոնությունն իջնում է, ինչը միանշանակ հասկանալի է: Բայց պետք է հասկանանք, որ հենց կանխարգելիչ գործընթացներն այս ժամանակ են շատ արդյունավետ: Պատվաստումները պետք է անցնել այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել, և մենք ունենք ժամանակ, հնարավորություն՝ ձևավորելու իմունիտետի բավարար շերտը»,-ասաց Ավանեսյանը:

Պետությունը շարունակում է պատվաստումային գործընթացը, շարունակվում են տնային այցերը, շարժական կետերի գործունեությունը, բոլոր պատվաստանյութերը առկա են: «Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օր առաջ պատվաստվել և պատրաստ լինել հնարավոր հետագա հիվանդացության ալիքներին»,-ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ պատվաստումային տեմպը հիմա ցածր է, սակայն նոր պատվաստանյութեր են ստացվում, որոնց ժամկետը կարող  է անցնել՝ նախարարն ասաց, որ կորոնավիրուսի պարագայում ճշգրիտ թվեր կանխատեսել, պլանավորում անել հնարավոր չէ: Բոլոր երկրներում էլ լինում են պատվաստանյութերի չօգտագործված խմբաքանակներ:

«Բայց մենք բոլոր ջանքերը ներդնելու ենք՝ ունենալու պատվաստանյութեր և դրանք հնարավորինս արդյունավետ օգտագործելու»,-նշեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել