Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է եղել. ԱԺ նախագահ |armenpress.am|
13:21 - 01 ապրիլի, 2022

Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է եղել. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քանի դեռ պետության անվտանգության հարցը լուծված չէ, այդ հարցը լինելու է առաջնային, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գործի: Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների այն հայտարարություններին, թե ինչո՞ւ է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հրատապ ռեժիմով քննարկվում, երբ երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, մասնավորապես` անվտանգության հետ կապված խնդիրը:

«Ասում եք ավելի կարևոր հարց չկա: Միշտ էլ ավելի կարևոր հարցեր կան, մեր պատմության առաջին օրվանից ունեցել ենք անվտանգության խնդիր: Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույն է եղել, այսինքն` շատ բարձր է եղել: Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Դուք հիմա ինչ-որ այլընտրանքային օրենսդրական նախաձեռնություն ունե՞ք, որը մերժել ենք և ՏԻՄ օրենք ենք բերել: Այսինքն, Աստված մի արասցե, եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞  կամ որևէ համայնքում տեղական ինքնակառավարման մարմին չլինի՞, բա ենթադրյալ պաշտպանությունը ինչպե՞ս ենք կազմակերպելու»,- ընդգծեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով` «Հայաստան» խմբակցության օրակարգը հետևյալն է. Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը և Ազգային ժողովում ինչպես կարողանան քաղաքական շահարկում անել:

«Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է Ադրբեջանի բանակի գործողությունների հետ: Բացառությամբ մի քանի հոգու, պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս: Կարո՞ղ է պատահել, որ Ազգային ժողովի սենյակները պետք չեն ձեզ, եթե այդպես է, կարող ենք այդ սենյակներն ավելի լավ նպատակի տրամադրել»,- ասաց Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել