«Գազպրոմը» մշակում է նաև գազի մատակարարման դադարեցման սցենար․ «Կոմերսանտ»
20:44 - 31 մարտի, 2022

«Գազպրոմը» մշակում է նաև գազի մատակարարման դադարեցման սցենար․ «Կոմերսանտ»

Եվրոպային ռուսական գազի մատակարարումների ճակատագիրը, որոնք չեն սառեցվել անգամ սառը պատերազմի ամենասուր պահերին, դեռ անորոշ է։ Խոշորագույն եվրոպական երկրները հրաժարվել են կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` գազի դիմաց ռուբլիով վճարելու պահանջը, և այժմ մտավախություն ունեն, որ մատակարումները կդադարեցվեն, գրում է «Կոմերսանտը»։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։

«Մարտի 30-ին Գերմանիան ու Ավստրիան հայտարարեցին գազամատակարարման ոլորտում արտակարգ իրավիճակի առաջին մակարդակի մասին։ «Գազպրոմը», «Կոմերսանտի» տվյալներով, մշակում է նաև մատակարարումների դադարեցման սցենար։ Ընկերությունն իրոք, ինչպես պնդում են «Կոմերսանտի» աղբյուրները մշակում է «ոչ բարեկամ երկրներին» գազի մատարարարման ամբողջական դադարեցման հնարավորությունը և գնահատում է այդ քայլի հետևանքները։ «Գազպրոմի» երկարաժամկետ պայմանագրերով մատակարարումների դիմաց վճարումները պետք է կատարվեն ապրիլի 1-ին։

«Գազպրոմում» այս հարցը հրաժարվել են մեկնաբանել։ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նույնպես չի մեկնաբանել «Կոմերսանտի» տեղեկությունները, սակայն լրագրողներին ասել է, որ ռուսական գազի համար ռուբլիով վճարման մեխանիզմը չի գործարկվելու հենց մարտի 31-ին․

«Վճարումն ու մատակարարումները ժամանակային առումով ձգված գործընթացներ են․․․ Դա այնպես չէ, որ վաղը մատակարարվի, պետք է վճարվի (ռուբլիով)»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմին» հանձնարարել էր «ոչ բարեկամ երկրներ» արտահանվող գազի հաշվարկներում անցնել ռուբլու, իսկ կենտրոնական բանկին և կառավարությանը՝ մինչև մարտի 31-ը մշակել եվրոպական ընկերությունների համար ռուբլու գնման կարգը։ Կրեմլն ակնարկել է, որ, եթե գնորդները չհամաձայնեն ռուբլիով վճարել, Ռուսաստանը կհրաժարվի մատակարարումներից։ Դմիտրի Պեսկովը մարտի 29-ին ընդգծել է, որ Մոսկվան, «բնականաբար», հաշվարկում է գործողությունների պլան այն դեպքում, եթե եվրոպական գնորդները չցանկանան ռուբլիլով վճարել՝ հավելելով, որ «անվճար գազ չի լինում»։

Եվրոպական երկրների առաջնորդներն ու խոշոր սպառողները միաձայն մերժել են այս գաղափարը՝ հիմնականում այն համարելով գործող պայմանագրերի խախտում, որտեղ վճարների համար արձանագրված է եվրոն և դոլարը։ «Կոմերսանտի» տվյալներով՝ եվրոպական ընկերություններին անհանգստացնում է նաև այն, որ ռուբլի գնելը կարող է իրենց ստիպել համագործակցել ՌԴ ԿԲ հետ, որը ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցների տակ է։

Եվրոպան իր առջև խնդիր է դրել 80%-ով լցնել գազապահեստները մինչև ջեռուցման նոր սեզոնը և միաժամանակ կրճատել ռուսական գազի գնումը։ Սակայն Ռուսաստանից մատակարարումների բացակայության պայմաններում դա դժվար կլինի անել․ այժմ պահուստների ընդհանուր մակարդակը կազմում է ընդամենը 26,28%։ Ռուսական էներգակիրներից ԵՄ հրաժարման մանրամասն պլանը պատրաստ կլինի մայիսին, սակայն հիմա արդեն անդամ երկրները հայտարարում են ոչ ռուսական գազի ներկրումն ավելացնելու մտադրության մասին։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունը խոստացել է, որ լրացուցիչ 15 մլրդ կուբամետր գազ կտրամադրի Եվրոպային ընթացիկ տարում, իսկ 2021 թ-ին մատակարարումների ծավալը կազմել է շուրջ 20–21 մլրդ կուբամետր։

Կարևոր հարց է, թե արդյո՞ք ԵՄ երկրները կպահպանեն այս միասնական մոտեցումը, եթե ոչ, կլինե՞ն, արդոք, երկրներ, որոնք կհամաձայնեն ռուբլիով վճարել և հարևանների հետ գազով կիսվել։

Օրինակ՝ Հունգարիան բազմիցս ընդգծել է, որ չի կարող հրաժարվել ռուսական էներգակիրներից, իսկ ռուբլիով վճարելու վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակավ չի ներկայացրել։

Այժմ յուրաքանչյուր երկիր ունի կանխարգելիչ գործողությունների պլան, որը նախատեսում է նախապես զգուշացման մեխանիզմներ և գործողությունների պլան արտակարգ իրավիճակների դեպքում։

«Այդ պլանները ներառում են ինչպես շուկայական միջոցներ, մասնավորապես, արագ այլընտրանք գտնելու պահանջ մատակարարներին, այնպես էլ կառավարությունների անմիջական միջամտություն՝ ընկերություններին հրահանգելով դադարեցնել գազի մատակարարումն արդյունաբերական օբյեկտներին», - նշում է փորձագետ Մարիա Բելովան։ Նա ասում է, որ այդպիսի պլաններ են հայտնվել 2009 թ-ի գազային ճգնաժամից հետո, երբ մի քանի օրով դադարեցվել էր Ուկրաինայի տարածքով ռուսական գազի ֆիզիկական տարանցումը։

Բացի այդ, ԵՄ օրենսդրությունը նախատեսում է համերաշխության սկզբունք․ անդամ պետությունները պետք է հարևաններին օգնեն գազամատակարարման լուրջ ճգնաժամի դեպքում՝ կանխելու համար տնային տնտեսությունների գազամատակարարման ցանկացած խափանումներ»։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել