Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչում, սահմանազատում․ Ալիևի կարծիքով՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության
14:56 - 31 մարտի, 2022

Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչում, սահմանազատում․ Ալիևի կարծիքով՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի գրասենյակից։

Ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաեւ հայ-ադրեջանական հարաբերություններն ու ապրիլի 6-ին կայանալիք եռակողմ հանդիպումը։ 

Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի։

«Արդեն մի քանի հանդիպումներ են եղել, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև դեպի խաղաղության․ խաղաղության պայմանագիր կնքենք որքան հնարավոր է շուտ։ Մեր կարծիքով՝ Ադրբեջանը ներկայացրել է այս համաձայնագրի հիմնական սկզբունքները»։

Ալիեւը նշել է, որ «հակամարտությունը արդեն լուծված է, և Ադրբեջանն ինքն է դա արել»։ Նրա խոսքով՝ հայ պաշտոնյաներից որոշակի հաղորդագրություններ են ստացվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ 

«Ինչպես վերջերս տեղեկացա, այդ հաղորդագրություններից մեկն այն է, որ ընդունելի են համարում մեր առաջարկը։ Սա շատ լավ նորություն է, և ես հուսով եմ, որ այս հարցը կհստակեցվի Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»։

Ադրբեջանի նախագահը ասել է, որ իրենց կողմից ներկայացված հինգ սկզբունքները «արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը»։

«Ինչպես ասում են՝ մենք այստեղ հեծանիվ չենք հորինում։ Այս սկզբունքները ցանկացած երկրների միջպետական ​​հարաբերությունների հիմնական սկզբունքներն են։ Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում, այնուհետև սահմանազատում․ կարծում եմ՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության»,- նշել է Ալիեւը։ 

Զբիգնև Ռաուն իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն՝ նշելով, որ կարգավորման տանող ներկա փուլը շատ լավատեսական է թվում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել