Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց
16:03 - 30 մարտի, 2022

Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, այսօր մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Բախշիյանի կալանավորումը երկու ամսով երկարաձգելու մասին, եւ որոշեց կալանավորումը երկարաձգել միայն մեկ ամսով։

Այս մասին հայտնում է Բախշիյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արսեն Սարդարյանը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Քննիչի միջնորդությունը դատավոր Ալեքսանյանի կողմից բավարարվեց մասնակի՝ Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանավորումը երկարացվեց մեկ ամիս ժամկետով:
Դատավոր Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս գործով դեռևս որևէ դատավոր ի զորու չի եղել իրականացնել արդարադատություն, ակնհայտ անհիմն մեղադրանքով, առանց որևէ հիմքի դատավորին շարունակում են պահել կալանքի տակ, միայն նրա համար, որ վերջինս գործել է անկախ և անաչառ, զերծ ներքին և արտաքին ճնշումներից:
Այս գործը անօրինականությունների բնույթով և ծավալով աննախադեպ է քաղաքակիրթ պետությունների պատմության մեջ»:

Հիշեցնենք՝ Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանք: Նա կալանավորված է փետրվարի 7-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել