Շարունակում ենք պնդել՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. Արթուր Հովհաննիսյան

 |armenpress.am|
16:18 - 28 մարտի, 2022

Շարունակում ենք պնդել՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. Արթուր Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմն ակնկալում է, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի:

«Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված գործընթացները շարունակվում են: Մենք պարբերական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին ՌԴ մեր գործընկերների հետ են մեր բանակցությունները: Մենք շարունակում ենք պնդել, որ կոնկրետ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր»,-ասաց Հովհաննիսյանը:

Բոլոր միջազգային գործընկերների, առաջին հերթին ՌԴ-ի հետ հարաբերություններում հայկական կողմն արձանագրում է, որ խախտվել են նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր պայմանավորվածությունները: «Այս պահին դիվանագիտական բոլոր խողովակները գործի են դրված՝ խնդրին հնարավորինս շուտ հանգուցալուծում տալու՝ թե ռազմական էսկալացիայի խնդիրը վերացնելու, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցերը լուծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:

Հղում կատարելով ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարություններին՝ պատգամավորը նշեց՝ հայկական կողմը պատշաճ քննություն է ակնկալում խաղաղապահների գործողությունների, ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ՝ հավելելով, որ այդ քննությունը դեռևս ավարտին չի հասել: Գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել էր, որ ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում: «Ըստ էության, խնդիրը չի լուծվել: Ադրբեջանի ՊՆ-ի, ԱԳՆ-ի հայտարարություններն ավելի են սադրում իրավիճակը և բնավ չեն նպաստում այս պահի իրավիճակի հանգուցալուծմանը»,-նշեց  պատգամավորը:

Պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունները, նաև սրանից առաջ, երբ լույսեր են գցում տների վրա, բարձրախոսներով բնակավայրը լքելու մասին տեքստեր հնչեցնում, հետապնդում են մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել, հոգեբանական ճնշման ենթարկել և շարունակել էթնիկ զտման ցեղասպան  քաղաքականությունը:

«Մենք էլ ամբողջ աշխարհին շարունակում ենք ներկայացնել իրավիճակը, ներկայացնել, որ ՀՀ կառավարությունը, ժողովուրդը շարունակում է գնալ խաղաղության օրակարգով, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բաժին անելիքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ իրականացնենք: Այո, աշխարհաքաղաքական զարգացումները, ցավոք սրտի, այս պահին դժվարացնում են այս առաքելության իրականացումը, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է մեր նպատակներից հետ կանգնենք»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել