Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում գազամատակարարման խափանումը կապել է «բարդ եղանակային պայմանների հետ»
15:21 - 25 մարտի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում գազամատակարարման խափանումը կապել է «բարդ եղանակային պայմանների հետ»

Ադրբեջանի արտգործնախարարությունն Արցախում իրավիճակի սրացման և գազատամակարարման խափանման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ մարտի 24-ի հայտարարությունը, «որում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել «տարածաշրջանում իրավիճակի սրացման» համար, միջազգային հանրությանը մոլորեցնելու այդ երկրի հերթական փորձն են»։

Հայաստանի արտգործախարարությունը մարտի 24-ի իր հայտարարությունում նշել էր, որ «Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները [ներխուժումն Արցախի Փառուխ գյուղ և գազատարի աշխատանքի խափանումը – խմբ․] լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը»։

Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժմանն՝ Ադրբեջանի ԱԳՆ նշել է․

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիսթերիայի առիթներ չկան»։

Արցախում գազի մատակարարման խափանման վերաբերյալ գերատեսչությունը հայտարարել է, որ «գազամատակարարման հետ կապված խնդիրը կապված է եղանակային բարդ պայմանների հետ»․

«Ինչ վերաբերում է բարդ եղանակային պայմանների պատճառով տարածաշրջանում գազատարների հետ կապված տեխնիկական խնդիրներին, որոնք մի քանի օր է՝ առկա են, ապա Հայաստանը մտադիր է իրավիճակն օգտագործել որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք», - ասված է հայտարարությունում։

«Այս պահի դրությամբ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միակ միջոցը ստորագրված համատեղ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումն է, ադ թվում՝ տարածաշրջանից հայկական ապօրինի կազմավորումների մնացորդների լիակատար դուրսբերումն ու հարաբերությունների կարգավորումը՝ միջազգային իրավական սկզբունքների հիման վրա», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել