Առողջապահության նախարարի ամուսնու ընկերությունը արտոնություն ստացավ կառավարությունից 
 |civilnet.am|
15:35 - 24 մարտի, 2022

Առողջապահության նախարարի ամուսնու ընկերությունը արտոնություն ստացավ կառավարությունից |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կառավարությունը մարտի 24-ին որոշեց արտոնություն տալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի «Իբարի» ընկերությանը։

«Իբարի» ՍՊԸ-ն զբաղվում է ջեմի, մեղրի, գինու, թեյի, մուրաբաների արտադրությամբ։ «Ընկերությունը չորս տարիների ընթացքում ստեղծել է հայկական յոթ պրեմիում բրենդներ, ինչպիսիք են Wild Hive սերտիֆիկացված 100 տոկոս օրգանական մեղրը, Beak Pick, Coloreat, Mrgastan, Boon Bariq ջեմերի և մուրաբաների բերենդները, Riceman բասմատի բրենդը և Rubin նռան գինու բրենդը»,- նշված է կառավարության համապատասխան որոշման հիմնավորման փաստաթղթում։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Վրաստան և Բելառուս։

Ընկերությունը հիմնել է Ստեփան Ավանեսյանը 2017-ին։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ սկզբից նա եղել է ընկերության միակ բաժնետեր, հետագայում, սակայն, իր ունեցած 100 տոկոս բաժնեմասի 33,3 տոկոսը փոխանցել է Նիկոլայ Մխիթարյանին ու Մանե Բուդաղյանին։ Ներկայում Ավանեսյանը պահպանում է ընկերության 33,4 տոկոս բաժնեմասը։

«Իբարի» ՍՊԸ-ին կառավարությունը արտոնություն է տվել տեխնիկական սարքավորումների, դրա բաղկացուցիչ մասերի ներմուծման դեպքում մաքսատուրքից ազատելու գծով։ Ընդհանուր առմամբ, ներմուծվող սարքավորումների արժեքը կազմում է 458 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53,4 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 000 տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։

«Իբարի»-ն նախատեսում է իրականացնել 500 մլն դրամի ներդրումներ ու ստեղծել 27 նոր աշխատատեղեր՝ 170 000 դրամ միջին աշխատավարձով։

Հանրային հեռուստաընկերությունով ընկերության գործունեության մասին տեսանյութում «Իբարի»-ի բաժնետերերից Նիկոլայ Մխիթարյանը պատմում է, որ բիզնեսին մասնակցության առաջարկը ստացել է ընկերներից։

Ստեփան Ավանեսյանը նաև դեղ ներմուծող «Արֆարմացիա» ընկերության տնօրենն է եղել։ Այս ընկերության բաժնետերերից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել