Մենք վստահ ենք, որ ՀՀ-ն և Թուրքիան կարող են, արժե և պետք է կարգավորեն հարաբերությունները․ Միրզոյան
18:00 - 23 մարտի, 2022

Մենք վստահ ենք, որ ՀՀ-ն և Թուրքիան կարող են, արժե և պետք է կարգավորեն հարաբերությունները․ Միրզոյան

«Մենք վստահ ենք, որ ՀՀ-ն եւ Թուրքիան կարող են եւ արժե եւ պետք է նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները, այսինքն՝ հարաբերություններ հաստատեն եւ բացեն սահմանները»։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ասաց ՀՀ արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ այդ գործընացի համատեքստում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը եւս դրական ազդեցություն ունեցավ։ Հիշեցնենք՝ մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Նրա խոսքով՝ այդ ֆորումին ԱԳՆ մակարդակով մասնակցելու որոշումը ճիշտ որոշում էր․ «Անշուշտ, շոշափելի, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմն էլ վերահաստատեց, որ շարունակում ենք երկխոսությունը, գործընթացը առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները»։

ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ տակտիկական, տեմպի առումով որոշակի տարբերություններ կան երկու կողմերի միջեւ, բայց ընդհանուր, առնվազն վերբալ մակարդակով երկու կողմն էլ հաստատել է, որ վերջարդյունքը սահմանների բացումն է․ «Ընթացիկ խնդիրներ էլ ենք քննարկել բացման այդ կոնտեքստում, այսինքն՝ սահմանային, առեւտրային եւ այլն, որպեսզի դյուրացնենք այդ ոլորտում գործող մեր հայրենակիցների կյանքը»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ եթե առաջիկայում շոշափելի արդյունքներ լինեն, կանդրադառնա դրանց։

Շարունակելով թեման՝ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հիշեցրեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդդիմադիր գործիչները, հետագայում նաեւ՝ որոշ շրջանակներ, անդրադառնալով Միրզոյանի այցին, բովանդակային քննարկման փոխարեն ավելի շատ անդրադարձան Արարատ Միրզոյանի ժպիտին կամ թուրք գործընկերոջ փողկապի բացակայությանը։

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի փողկապ չկրելու հետ կապված քննարկումներին՝ Միրզոյանն ասաց, որ այդ ֆորումը առանց փողկապների էր, եւ տարբեր լուսանկարներից կարելի է տեսնել, որ նախարարների մի մասը փողկապ կրում էր, մյուս մասը՝ ոչ, եւ նույն նախարարը հաջորդ անգամ կարող էր հակառակ կերպ վարվել․ «Ինձ կարող եք Չավուշօղլուի հետ հանդիպմանը տեսնել փողկապով, իսկ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Շալեմբերգի հետ հանդիպման ընթացքից արված լուսանկարում հակառակն է, ես եմ առանց փողկապ, Շալեմբերգն է փողկապով»։

Խոսելով Չավուշօղլուի հետ ժպիտով լուսանկարվելու հանգամանքից՝ Միրզոյանն ասաց․ «Ողջ հարգանքով մեր բոլոր զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների զգացմունքների նկատմամբ, եթե ես իմանամ, որ իմ ժպիտը ապագայում կարող է գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի կժպտամ ու էլի կժպտամ ու էլի կժպտամ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել