ԱԺ նախագահի առաջնահերթությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը․ Արթուր Խաչատրյան |hetq.am|
18:01 - 22 մարտի, 2022

ԱԺ նախագահի առաջնահերթությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը․ Արթուր Խաչատրյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը՝ մեկնած Ինդոնեզիայի Հանրապետություն` Բալի: 11 հոգանոց պատվիրակությունը մեկնել է միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:

Խաչատրյանն ասաց, որ դեռևս երեք շաբաթ առաջ խորհրդարանական ընդդիմությունը դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և պահանջել նիստ գումարել: Իսկ ավելի վաղ նման պահանջով են հանդես եկել Արցախի ընդդիմադիր խմբակցությունները:

«Ինչ եք կարծում ինչ եղավ Ալեն Սիմոնյանի արձագանքը, Ալեն Սիմոնյանը ղեկավարեց ԱԺ 11 հոգանոց պատվիրակությունը և մեկնեց Ինդոնեզիա` Բալի կղզի, մասնակցելու միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին: Նախորդ նիստում շատ էինք խոսում խորհրդարանական դիվանագիտության մասին, ձեր մոտ կարող է հարց առաջանալ, իսկ միգուցե ԱԺ նախագահը մեկնել է, որպեսզի օգտագործի Բալիի ամբիոնը և առաջ մղի Արցախի հարցը, բայց չէ որ թեման լրիվ այլ էր` կլիմայի փոփոխություններն էր»,- ներկայացրեց պատգամավորը:

Արթուր Խաչատրյանի խոսքով` հանրության մոտ կարող է տպավորություն լինել, թե ԱԺ նախագահը պատվիրակության կազմում ներառել է այդ ոլորտի մասնագետներին, ապա ընդգծեց` պատվիրակության կազմում ներգրավված մյուս երկու պատգամավորից որևէ մեկը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման խորհրդարանական հանձնաժողովի անդամ չէ:

Նշենք, որ պատվիրակության կազմում են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

«Նաև ութ աշխատակից ԱԺ-ից, այսինքն մի պատգամավորին համարյա երեք հոգի անտուրաժ: Ճիշտ են ասում` ամեն մեկն ունի իր առաջնահերթությունը, ակներևաբար ԱԺ նախագահի նախընտրությունները և առաջնահերթությունները լրիվ այլ են և որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել