Հայաստանում կարգելվի սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների արտադրությունը, ներկրումը եւ արտահանումը |armenpress.am|
12:26 - 22 մարտի, 2022

Հայաստանում կարգելվի սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների արտադրությունը, ներկրումը եւ արտահանումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները։

Ազգային ժողովին առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշեց, որ նախագծի նպատակը  մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:

««Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից:

Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի եւ սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:

Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների 2020 թվականից հետո Կոնվենցիան վավերացրած երկրները Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն արգելում են Կոնվենցիայում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը եւ արտահանումը»,- ասաց Գաբրիելյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը կնպաստի դրա ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի եւ սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից:

«Սույն նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և կատարվել են համապատասխան փոփոխությունները»,- հավելեց Գաբրիելյանը։

Հարակից զեկուցող ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանը նշեց, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել