Սուրեն Պապիկյանը ևԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր
19:06 - 21 մարտի, 2022

Սուրեն Պապիկյանը ևԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար՝ նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք:

Միաժամանակ, Սուրեն Պապիկյանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման բացառապես մարդասիրական հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել