Ընդդիմությունը նոր նախագծով առաջարկում է, որ ԱԳ նախարարն ու վարչապետը զեկույցներ ներկայացնեն ԱԺ |armenpress.am|
13:16 - 21 մարտի, 2022

Ընդդիմությունը նոր նախագծով առաջարկում է, որ ԱԳ նախարարն ու վարչապետը զեկույցներ ներկայացնեն ԱԺ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է, որ արտգործնախարարը և վարչապետը պետության արտաքին քաղաքականության, բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի, անվտանգության հարցերի վերաբերյալ որոշակի պարբերականությամբ զեկույցներ ներկայացնեն խորհրդարան: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներում նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Ըստ պատգամավորի՝ նախագիծը ներկայացնում են նրա համար, որպեսզի առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը երբեք չհայտնվի լուսանցքում՝ բանակցային կարևորագույն որոշումների կայացման ժամանակ:

«Օրենքը ենթադրում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և վարչապետը համապատասխանաբար 3 և 6 ամիսը մեկ գրավոր՝ փակ, գաղտնի ֆորմատով, զեկույց են ներկայացնում ԱԺ-ին՝ հիմնական արտաքին քաղաքականության, բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի և առկա վիճակի վերաբերյալ: Այդ զեկույցները ստանալուց հետո ԱԺ պատգամավորների 25 տոկոսի ստորագրությամբ նշված պաշտոնյաները հրավիրվելու են ԱԺ՝ փակ նիստում զեկուցելու և հարցերին պատասխանելու համար»,-ասաց Մամիջանյանը:

 Պատգամավորի խոսքով՝ այս լուծումը տրված է մի շարք երկրներում, տարբեր երկրներում դրա համար նախատեսված են այս կամ այն գործիքներ: Ըստ նախագծի՝ զեկույցի ներկայացումը կարող է տեղի ունենալ կամ պրոֆիլային հանձնաժողովի նիստում, կամ ԱԺ լիագումար նիստում:

Մամիջանյանը նաև ընդգծեց՝ խորհրդարանական ընդդիմությունը հիշում է, թե ինչի համար է եկել ԱԺ: «Այո, այս մանդատը մենք վերցրել ենք իշխանափոխության հասնելու համար»,-ասաց պատգամավորը՝ սակայն հիմա նմանօրինակ  սահմանափակումն անհրաժեշտություն համարելով:

Նախագծում, մասնավորապես նշվում է՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 օրվա ընթացքում՝ արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչեւ դեկտեմբեր 1-ը եւ հունիսի 1-ը, Ազգային ժողով զեկույց են ներկայացնում ՀՀ անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմվող հիմնարար դրույթների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել