Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումներում որոշ կարևոր հարցերի շուրջ մերձեցում է նկատվում
12:01 - 20 մարտի, 2022

Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումներում որոշ կարևոր հարցերի շուրջ մերձեցում է նկատվում

Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցային գործընթացում համընկնում են մի շարք կարևոր հարցերի շուրջ, սակայն դրանցից մի քանիսը պետք է լուծվեն նախագահների մակարդակով։ Այս մասին կիրակի օրը «Hürriyet» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մի շարք կարևոր եւ կրիտիկական հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումներում մերձեցում է նկատվում: Մասնավորապես, տեսնում ենք, որ առաջին չորս կետերի շուրջ նրանք գրեթե համակարծիք են։ Որոշ հարցեր պետք է լուծվեն առաջնորդների մակարդակով»,- ասել է ԱԳ նախարարը։ 

Միաժամանակ Չավուշօղլուն չի հստակեցրել, թե ինչ կետերի շուրջ են Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները համընկնում։

Հարցին՝ արդյոք հնարավոր է հրադադարի հասնել, Չավուշօղլուն պատասխանել է, որ առաջնորդների միջև բաց ուղիներ կան, և եթե կողմերը հետ չկանգնեն իրենց դիրքորոշումներից, ապա հրադադարի հույս կա։ 

Չավուշօղլուն, պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր ղեկավարների հանդիպումը Թուրքիայում նշել է, որ Անկարայի համար կարևոր է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կայանա․ Թուրքիայում, թե այլ երկրում կապ չունի։

«Դեռ պատերազմի առաջին օրերին մենք արել ենք այդ առաջարկը: Այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ սկզբունքորեն ոչ մի կողմ դեմ չէ։ Այլ երկրներ նույնպես ունեն նախաձեռնություններ ու ջանքեր, բայց մենք ուրախ կլինենք նրանց հյուրընկալել Թուրքիայում։ Ի վերջո, կարևորն այն է, որ նրանք հանդիպեն․ դա կլինի Թուրքիայում, թե այլ տեղ էական չէ»։

Չավուշօղլուն նաև նշել է, որ եթե ​​որոշում կայացվի Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնել Թուրքիայում, ապա ցանկության դեպքում այն ​​կարող է կայանալ Էրդողանի մասնակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել