ՎԶԵԲ-ի երևանյան մշտական ներկայացուցչությունը նոր ղեկավար ունի
16:02 - 17 մարտի, 2022

ՎԶԵԲ-ի երևանյան մշտական ներկայացուցչությունը նոր ղեկավար ունի

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երևանում իր մշտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել Ջորջ Ախալկացիին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տեղեկացնում է, որ նա այս պաշտոնում կփոխարինի Դիմիտրի Գվինդաձեին։

Ջորջ Ախալկացին ստանձնելու է իր նոր պաշտոնը 2022 թվականի մայիսի 1-ին և գործունեությունը ծավալելու է Հայաստանի մայրաքաղաքում։ Նա վերահսկելու է Հայաստանում բանկի ներդրումներն ու գործառնությունները՝ զեկուցելով Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին։

Ջորջ Ախալկացին Վրաստանի քաղաքացի է: Նա սկսել է իր կարիերան որպես իրավաբան «Société Générale» ընկերությունում, նախքան բանկային գործի անցնելը: ՎԶԵԲ-ին միացել է 2009-ին, վերջին ժամանակաշրջանում զբաղեցրել է Թբիլիսիի ներկայացուցչության փոխտնօրենի և ավագ բանկիրի պաշտոնը:

Նախկինում նա աշխատել է Լոնդոնում ՎԶԵԲ-ի Արտադրության և ծառայությունների, ինչպես նաև Վարկային ռիսկերի կառավարման թիմերի հետ: Նա ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Թբիլիսիի պետական համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Բիզնեսի կառավարման եվրոպական ինստիտուտից (INSEAD):

Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության նոր ղեկավարի դերում Ախալկացին կօգտագործի երկրի մակարդակով և միջոլորտային իր նշանակալի փորձը՝ շարունակելու բանկի հաջողված գործընկերությունը Հայաստանի հետ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1992 թվականից, և նրա հիմնական նպատակն է՝ օգնել դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ աջակցելով տարբեր ոլորտներում ներդրումներին, ինչպես նաև խթանել ֆինանսական հատվածի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը:

Առ այսօր բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,8 միլիոն եվրո 200 ծրագրերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել