1lurer.am-ը որպես թարմ իրադարձություն է ներկայացրել «Կոմերսանտի»՝ ավելի քան 2 շաբաթվա վաղեմության հարցազրույցը
14:05 - 16 մարտի, 2022

1lurer.am-ը որպես թարմ իրադարձություն է ներկայացրել «Կոմերսանտի»՝ ավելի քան 2 շաբաթվա վաղեմության հարցազրույցը

Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքն այսօր հրապարակել է «ԱՄՆ պետդեպարտամենտը կաջակցի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին որոշմանը. Շերման» վերտառությամբ նյութ։

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանն ասել է, որ իր երկիրը կաջակցի այն որոշումներին, որոնք Ուկրաինան կընդունի, ներառյալ՝ հնարավոր չեզոք կարգավիճակը։ Այդ մասին նա հայտնել է «Կոմերսանտ» թերթին»,- ասվում է նյութում։

Շերմանը նմանատիպ հայտարարություն իրոք արել է, սակայն «Կոմերսանտին» տված հարցազրույցը ավելի քան 2 շաբաթվա վաղեմություն ունի։

Թերթն այս տարվա փետրվարի 26-ին՝ Պուտինի՝ Ուկրաինայում «հատուկ գործողություն» սկսելու մասին հայտարարութունից երկու օր անց, հարցազրույց էր վերցրել Ուենդի Շերմանից։

«Կոմերսանտ»-ի թղթակիցը հարցրել էր Շերմանին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Ուկրաինային, եթե վերջինս որոշի իր չեզոք կարգավիճակի հարցը քննարկել Պուտինի հետ։ Շերմանն էլ պատասխանել էր, որ իրենք կաջակցեն բոլոր այն որոշումները, որոնք Ուկրաինան կկայացնի։

Իր նյութի վերջում 1lurer.am-ը հիշեցրել է այն մասին, որ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։

Հիշեցման մեջ նշվում է նաև․ «ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլի ուշադրության կենտրոնում է ուկրաինական իշխանությունների այդ հայտարարությունը: Միաժամանակ նա հավելել է, որ այս պահին ոչինչ չի կարող ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ շփումների մասին»։

Զելենսկին նման հայտարարություն արել էր փետրվարի 24-ի, լույս 25-ի գիշերը։ Փետրվարի 25-ին Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցի քննարկման մասին Զելենսկիի պատրաստակամությունը Կրեմլում համարում են «ավելի շուտ դրական տեղաշարժ»։ 

Այս հայտարարություններին պատերազմի ընթացքում հաջորդել են այլ հայտարարություններ։ 

Մարտի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը։ 

Մարտի 13-ին էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ 

1lurer.am-ի սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, gazeta.ru-ի հրապարակումն է, քանի որ երկու կայքերի նյութրի վերնագրերը, լուսանկարներն ու վերջին հիշեցումը` Զելենսկու և Պեսկովի հայտարարությունների մասին, համընկնում են։

Սակայն gazeta.ru-ում ևս այս լուրը հրապարակվել է փետրվարի 26-ին։

Այսպիսով, Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքն այսօր հրապարակել է «Կոմերսանտի»՝ ավելի քան երկու շաբաթվա վաղեմության հարցազրույցը և նյութի վերջում հիշեցրել հայտարարություններ, որոնք արվել են Ուկրաինայում պատերազմի մեկնարկի դեռևս առաջին օերին։

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Մեր հրապարակումից հետո 1lurer.am-ը խմբագրել է նյութն ու հեռացրել Ուենդի Շերմանի հարցազրույցի մասին լուրը։ Խմբագրված նյութում ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունն է այն մասին, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ ցանկացած որոշում։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել