Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը. ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը |news.am|
11:57 - 16 մարտի, 2022

Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը. ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը |news.am|

news.am: Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին 14 կողմ 13 դեմ ձայներով քիչ առաջ համայնքապետ ընտրեց Ահարոն Խաչատրյանին, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները:

ՔՊ-ն, որն ուներ 13 մանդատ, դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ընդ որում, ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց:

Քվեարկությունից հետո ՔՊ խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց. «Մեծագույն հարգանքով ձեր հանդեպ, Վարդենիսի բնակչության հանդեպ: Ինչու ենք այսպես վարվում, որովհետեւ գիտենք, որ այսօր մենք արտահայտեցինք նրանց իրական ցանկությունը եւ տրամադրությունները: Այո, ինչ-որ վստահված էր մեզ, արել ենք, ինչ կարողացել ենք արել ենք, օգտագործել ենք մեր բոլոր հնարավորությունները: Մեծ պատասխանատվությամբ Վարդենիս համայնքի բնակիչների առջեւ, որոնք մեզ ձայն են տվել, մենք հաշվի ենք առնում այն փաստը, որ ՔՊ-ն ստացել է 13 մանդատ, «Միասնական Վարդենիսը»՝ 4 եւ 1 մադատ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը: Տրվել է հնարավորություն, որ փոքր խմբակցությունները միավորվեն, մենք դրա հետ բացարձակ չենք համակերպվում: Մեր ընտրողները դեմ են նման լուծմանը, մենք էլ նրանց հետ դեմ ենք: Ոչինչ մեզնից չի կախված:  Ինչ էլ անեք հետագայում՝ հաջողություն, ուզում ենք հավատալ, որ ձեր նպատակները բարի են»:

ՔՊ խմբակցության ղեկավար Արամ Մելքոնյանն էլ հավելեց. « Մենք չեն խոսում օրենքի բացից, որի արդյունքում ժողովրդի մեծամասնության քվեն տարած ՔՊ խմբակցությունը դուրս է գալիս այստեղից եւ մնացածը թողնում է մյուս երկու խմբակցությունների վրա: Մենք պարտավոր ենք մեր ընտրողի առջեւ»:

Դրանից հետո ՔՊ խմբակցության 13 անդամները լքեցին ավագանու նիստը։

2021-ի դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու 27 մանդատներից 13-ն ստացել էր ՔՊ-ն, 10 մանդատ ստացել էր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը եւ 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս»-ը:

Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել նիստի մասին:

Նրանք Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։

Վարչական դատարանը փետրվարի 2-ին էր մասնակի բավարարել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը եւ անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել