Չինաստանն ուկրաինական պատերազմում գոնե մեկ հաղթողի է տեսնում ՝ իրեն․ The New York Times
10:02 - 16 մարտի, 2022

Չինաստանն ուկրաինական պատերազմում գոնե մեկ հաղթողի է տեսնում ՝ իրեն․ The New York Times

Լուսանկարը՝ Getty Images

Պատերազմն Ուկրաինայում դեռ հեռու է ավարտից, սակայն Չինաստանի քաղաքական շրջանակներում արդեն կարծիք է ձևավորվում առ այն, որ մի երկիր հաղթող է դուրս գալու այս խառնաշփոթից՝ Չինաստանը, գրում է The New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

Ռուսաստանի ներխուժմանն առաջին շփոթված արձագանքից հետո Չինաստանը մի ռազմավարության հիմք է դրել, որը նրան թույլ կտա խուսափել վատթարագույն տնտեսական և դիվանագիտական հետևանքներից, որոնց նա կարող է բախվել, և օգուտներ քաղել աշխարհաքաղաքական այս փոփոխություններից, երբ մշուշը ցրվի։

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը խուսափում է քննադատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց նաև փորձում է Չինաստանին հեռու պահել այդ ջարդից։ Նրա կառավարությունը դատապարտել է միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ, սակայն գոնե հիմա ակնարկել է, որ չինական ընկերությունները կարող են հաշվի նստել դրանց հետ՝ պաշտպանելու Արևմուտքում Չինաստանի տնտեսական շահերը։

Անցյալ շաբաթ Սի Ծինփինը եվրոպացի առաջնորդներին դիմեց կարգավորման շուրջ բանակցություններին աջակցելու մշուշոտ առաջարկներով, մինչդեռ մյուս չինացի պաշտոնյաները սատարեցին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված ռուսական ապատեղեկատվական արշավները։

Վաշինգտոնի պաշտոնակար անձինք երեկ, առանց ապացույցներ ներկայացնելու, հայտնեցին, թե ներխուժումից հետո Ռուսաստանը Չինաստանին խնդրել է իրեն տնտեսական և ռազմական օգնություն տրամադրել, սակայն վերջինս դա ապատեղեկատվություն անվանեց։

Ի վերջո՝ Չինաստանի ղեկավարությունը հաշվարկեց, որ պետք է վեր լինել, իր կարծիքով, երկու ուժասպառ տերությունների միջև պայքարից և ներկայանալ իբրև կայունության հիմք ավելի ու ավելի անհանգիստ աշխարհում։

«Սա նշանակում է, որ քանի դեռ մենք չենք գործել ծանրակշիռ ռազմավարական սխալներ, Չինաստանի արդիականացումը չի ընդհատվի, ընդհակառակը, Չինաստանն էլ ավելի մեծ հնարավորություն և ցանկություն կունենա ավելի առանցքային դեր խաղալու միջազգային նոր կարգերի հաստատման գործում»,- իր հոդվածում գրել է Շենչժենում Հոնկոնգի Չինաստանի համալսարանի պրոֆեսոր Չժեն Յունիանը։

Չինաստանի ռազմավարության հիմքում այն համոզմունքն է, որ Միացյալ Նահանգները թուլացած է անմիտ օտարերկրյա արկածախնդրությունների, այդ թվում, Պեկինի կարծիքով, Պուտինին ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու պատճառով։

Այս տեսակետի համաձայն՝ Ռուսաստանի ներխուժումն ուշադրությունն ԱՄՆ-ից շեղել է դեպի Եվրոպա, ինչն ավելի հավականան է դարձնում, որ նախագահ Բայդենը փորձելու է ուշադրությունը կենտրոնացնել Չինաստանի և Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանի վրա, բայց չի հաջողելու։

«Բոլոր այն դժվարություններն ու անհարմարությունները, որոնց մասին խոսում ենք, ժամանակավոր են։ Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը վտարանդի է դառնալու միջազգային հանրության համար և ստիպված է լինելու Չինաստանին դիմել»,- ասել է Վաշինգտոնի Սթիմսոնի կենտրոնի չինական ծրագրի տնօրեն Յուն Սունը։

Չինաստանի հետագա ուղին բնավ պարզ չէ։ Ռուսաստանի հետ չափազանց մերձեցումը կարող է հանգեցնել Եվրոպայում և դրա սահմաններից դուրս Չինաստանի նկատմամբ թշնամանքի առաջացման, ինչն անհանգստացնում է Սի Ծինփինին։

Եվ եթե Գերմանիան, Ֆրանսիան ու մյուս դաշնակիցներն ամրապնդեն իրենց պաշտպանական համակարգն, ինչպես խոստացել էին, ԱՄՆ-ն կարող է հնարավորություն ունենալ ավելի շատ ռազմական ռեսուրս օգտագործել՝ Չինաստանին հակազդելու։

«Մեզ նաև շատ է անհանգստացնում այն, որ ռուս-ուկրաինական պատերազմը Եվրոպային ստիպելու է ավելի մերձենալ ԱՄՆ հետ, և Չինաստանն ավելի մեծ երկընտրանքի առջև է լինելու։ ԱՄՆ դաշնակիցները խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Ճապոնիան ու Ավստրալիան, նույնպես ավելի ուժեղ ռազմական դիրքորոշում կզբաղեցնեն։ Այնպես որ, այս ամենն այնքան էլ դրական հեռանկար չէ Չինաստանի համար»,- ասել է Նանջինի համալսարանի պրոֆեսոր Չժու Ֆենը։

Չինաստանը կարող է նաև տնտեսական ցնցումների բախվել պատերազմի և Ռուսաստանին պատժելու Արևմուտքի ջանքերի պատճառով, որը սահմանափակել է նրա հետ առևտուրն ու խզել կապերը ֆինանսական ինստիտուտների հետ։

Չինաստանի պաշտոնյաները դատապարտում են այս միջոցները, և, թեև ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները զարմանալի միասնություն են ցուցաբերել այդ հարցում, այլ երկրները նույնպես կիսում են Պեկինի վերապահումները՝ հզոր տնտեսական գործիքները որպես զենք կիրառելու վերաբերյալ։

Ամեն դեպքում, Չինաստանի տնտեսությունը բավականաչափ մեծ է՝ հարվածների դիմանալու համար, որոնք կարող էին մեծ վնաս հասցնել այլ երկրների։ Չինական ընկերությունները կարող են նույնիսկ շահեկան դիրքում հայտնվել՝ օգտվելով Ռուսաստանի՝ առևտրի հուսահատ կարիքից, ինչպես եղել է 2014թ․-ին, երբ Մոսկվան պատժամիջոցների է ենթարկվել Ղրիմի բռնակցման պատճառով։

Ինչպես էլ զարգանա պատերազմը, Չինաստանը Ռուսաստանի հետ իր կապերի խորացումը դիտարկում է որպես հակակշռի ստեղծում ԱՄՆ-ին։ Գործընկերությունը, որը Ծինփինն ու Պուտինն անցյալ ամիս նշեցին Պեկինի Ձմեռային օլիմպիադայի ժամանակ, շատ մեծ կարևորություն է ձեռք բերել՝ այն զոհաբերելու համար, ինչ մտավախություններ էլ ունենան որոշ պաշտոնյաներ պատերազմի վերաբերյալ։

Այնպես, ինչպես Պուտինն է ԱՄՆ-ն պատկերում որպես Ռուսաստանի համար սպառնալիք իր արևմտյան սահմանին, նույնպես էլ Ցզինպինն է Թայվանին (կղզային պետություն, որը Չինաստանն իր տարածքն է համարում) ԱՄՆ աջակցությունը դիտարկում որպես նմանատիպ սպառնալիք Չինաստանի ափին։

Վերջին շաբաթների ընթացքում չինացի վերլուծաբանները հաճախ էին մեջբերում բրիտանացի աշխարհագրագետ Հելֆորդ Ջոն Մաքինդերի խոսքերը, որը պնդում էր․ «Նա, ով վերահսկում է Կենտրոնական Եվրոպան, վերահսկում է մի մեծ տարածք՝ Եվրոպայից դեպի Ասիա։ Իսկ նա, ով վերահսկում է Եվրասիան, կարող է կառավարել աշխարհը»։

Նման մտածողության կողմնակից Ալեքսանդր Դուգինը, որին երբեմն անվանում են «պուտինյան փիլիսոփա», մեծ պոպուլյարություն է վայելում Պեկինում։ Նա շատ է գրել այն մասին, որ տեսնում է լիբերալ, դեկադենտ Արևմուտքի և պահպանողական Եվրասիայի միջև աճող ընդհարում, որի հոգին Ռուսաստանն է։

«Արևմուտքը չպետք է հեգեմոն դառնար՝ ունիվերսալ չափանիշների որոշման հարցում, քանի որ Արևմուտքը կամ Եվրոպան, կամ Արևմուտքն, ընդհանուր առմամբ, մարդկության միայն մի մասն է։ Մյուս մասը, մարդկանց մեծ մասն ապրում է Արևմուտքից դուրս՝ Ասիայում»,- ասել է Դուգինը չինական պետական հեռուստատեսության եթերում 2019թ․-ին։

Քաղաքականության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների նկատմամբ այս հակակրանքը, որ իբր թելադրում է Արևմուտքը, դարձել է ԱՄՆ-ին քննադատելու մշտական թեմա Չինաստանում։

Վերլուծաբանների կարծիքով, արևմտյան պատժամիջոցների պատճառով Պեկինի աջակցությանը դիմելուն զուգահեռ, Ռուսաստանն ավելի ու ավելի շատ է կախված լինելու Չինաստանից՝ որպես իր դիվանագիտական և տնտեսական փրկօղակից:

«Հին կարգերն արագ քանդվում են, և աշխարհի գերտերությունների շրջանում կրկին սկսում է գերիշխել ուժեղների քաղաքականությունը։ Երկրները լի են պատվախնդրությամբ, ինչպես վագրերը, որոնք իրենց որսին են հետևում՝ փափագելով գտնել ցանկացած հնարավորություն հին կարգերի փլատակներում»,- ասում է Հոնկոնգի Չինաստանի համալսարանի պրոֆեսոր Չժենը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել