Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից |armenpress.am|
14:07 - 15 մարտի, 2022

Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից |armenpress.am|

armenpress.am: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

Նրա խոսքով ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած նոր բնագծերն ուսումնասիրելու, մարտական դիրքերը կահավորելու, զինծառայողներին ժամանակավոր կացարանով և դրանք ջեռուցմամբ ապահովելու, զորմասերի նոր մշտական տեղակայման վայրերի ընտրության, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների հնարավորությունները հստակեցնելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ նոր բնագծերում և մշտական տեղակայման վայրերում:

«Հաշվի առնելով ժամանակի սղությունը և անձնակազմի տեղավորան հրատապությունը՝ որպես արագ լուծում պլանավորվել և ներկա պահին նաև իրականացվում են թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակների դիրքերի և զորամասերի, մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմի կոմունալ կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ»,- ասաց Սարգսյանը:

Մարտական հենակետերում, ՊՆ-ի և շինարարական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա 2021-ին թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակներով կահավորվել է շուրջ 6 տասնյակի հասնող հենակետ, ընթանում են ևս մի քանի տասնյակի հենակետերի կահավորման աշխատանքներ: Սարգսյանի վստահեցմամբ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նկատի ունենալով, որ կան նոր բնագծեր:

«Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են նաև ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Արդեն կարելի է ասել, որ գրեթե պատրաստ են Ջերմուկի մշտական տեղակայման վայրի կառուցապատման աշխատանքներ: Դեռևս կան որոշակի աշխատանքներ, որոնք, եղանակային պայմաններից ելնելով, առաջիկայում ավելի կակտիվացվեն»,- ասաց փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել