Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հետագա գործունեության ձևաչափը
17:38 - 14 մարտի, 2022

Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հետագա գործունեության ձևաչափը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարտի 14-ին տեղի է ունեցել քննարկում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերության հետագա գործունեության ձևաչափի, ինչպես նաև արդյունավետության բարձրացման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ։

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Կենտրոնը միակն է, որ Հայաստանում իրականացնում է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բժշկին վաղ շրջանում ախտորոշել ուռուցքային գոյացությունն ու մշակել բուժման ճշգրիտ մարտավարություն։ Այն միակն է նաև տարածաշրջանում, որ ցիկլոտրոն C18 արագացուցչի միջոցով անմիջապես կենտրոնում իրականացնում է իզոտոպի ստացման գործառույթ։

Մինչ քննարկումը փոխվարչապետ Մաթևոսյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ընկերության տնօրեն Նորայր Կոստանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կենտրոնում, եղել Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում և արտադրական մասում, ծանոթացել է ընկերության հնարավորություններին ու խնդիրներին։ 

Շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարար Ավանեսյանը կարևորել է Հայաստանում  քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում նման կառույցի գործունեությունն ու արդյունավետ կառավարումը և ընդգծել, որ ՀՀ-ում, վերջին երեք տարիներին քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ Կառավարությունը մեծ ներդրումներ է իրականացրել թե՛ հետազոտությունների շրջանակի ընդլայնման և թե՛ պետական պատվերի շրջանակում վիրահատությունների իրականացման ուղղությամբ։ Դրա արդյունքում շատ ծառայություններ հասանելի են դարձել ազգաբնակչությանը, որի արդյունքում, ըստ նախարարի, ունենք բարենպաստ ելքերով ցուցանիշների դինամիկա։ Այդ համատեքստում, կարևորվել է ոլորտի զարգացման ուղղությամբ Կառավարության ծրագրով նախատեսված քայլերի իրականացումն ու Կենտրոնի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել