Ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, Կապան-Ճակատենը կլինի. Գնել Սանոսյան |1lurer.am|
15:09 - 13 մարտի, 2022

Ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, Կապան-Ճակատենը կլինի. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է։

«Երբ մենք հրապարակում ենք, թե Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլվել է, երկրի բնակչության կեսը սկսում է անհանգստանալ, որ Սյունիքի կեսը մնացել է առանց ճանապարհի. վերջում պարզվում է՝ դաշտի մեջ մի տեղ գործ են անում, փլվել է»,- ասաց նախարարը:

Գնել Սանոսյանի խոսքով՝ բազմիցս խոսվել է, որ այդ ճանապարհը երեք շինարարական ընկերություն է արել, որոնցիցի երկուսը պետք է երեք շերտ ասֆալտ անեին, սակայն երեք շերտից երկու շերտ են տեղադրել:

«Մենք չենք թողել երրորդ շերտը տեղադրեն՝ հասկանալով, որ ճանապարհը կառուցվել է արագ, որ ճանապարհի կառուցման որոշ հատվածում ստիպված ենք եղել թողնել, որ մեքենաները անցնեին, այսինքն՝ մի կողմում ասֆալտ էին անում, մյուս կողմում մեքենաներն էին անցնում, բայց ստիպված ենք գնացել այդ լուծմանը: Հիմա որոշակի կարգավորումներ անում են, որպեսզի ճանապարհներն անցանելի լինեն: Այո՛, մի շարք հատվածներում առաջացել են թերություններ. եղանակները հենց բացվեն, բոլոր թերությունները կվերացնեն, ասֆալտի երրորդ շերտը կտեղադրեն»,- ասաց Գնել Սանոսյանը։

Անդրադառնալով Կապան-Ճակատեն ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին՝ Սանոսյանը նշեց, որ հողային պաստառը պատրաստ է, բավական լավ տեսքի է բերված, երթևեկությունը վերականգնվել է:

«Երթևեկության ինտենսիվությունը գրեթե ամբողջովին վերականգնվել է, և ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, դա կլինի»,- հայտնեց ՏԿԵ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել