Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|
23:10 - 09 մարտի, 2022

Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այս մասին Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և այդ օրերին հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը՝ նա հիշեցրեց, որ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ և անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին:

«Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունած բանաձևերում: Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի  բարձր գնահատականը Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանը ու տնտեսական համագործակցության խթանմանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ չնայած Հայաստանի կրած կորուստներին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, երկու երկրները կշարունակեն ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել