Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ
16:47 - 04 մարտի, 2022

Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ուկրաինայի հարևանների գլխին ամպեր են կուտակվել» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։

Մինչ Ռուսաստանի գրոհային ուժերը շարունակում են առաջխաղացումն Ուկաինայի տարածքում, մյուս հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու իրենց ապագայի համար։

Ուկրաինայից զատ ևս հինգ երկրների՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին ու Մոլդովային, Եվրամիությունը դասում է իր հարևանների շարքին «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Նրանցից երեքը չորեքշաբթի՝ մարտի 2-ին, նշել են Միացյալ ազգերի կազմակերպությանը միանալու 30-ամյակը։ Սակայն նրանք դեռևս մնացել են գորշ գոտում՝ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս։

Կարող ենք երկար խոսել այս բոլոր երկրների կառավարման ձախողումների և ինստիտուտների անկատարության մասին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց նրանք լիարժեք ինքնիշխան պետություններ են։ Սարսափելի պարադոքսն այն է, որ անգամ 1990-ականներին՝ իրենց փխրուն պետականության ամենավատ օրերին, այս երկրներից ոչ մեկը չի բախվել իր գոյությանը սպառնացող այնպիսի մարտահրավերի, որին առերեսվեց Ուկրաինան 2022 թ-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ոչ միայն պարզապես վերադառնում է 1991 թ․, այլև վերադարձնում է մեզ 1939 կամ նույնիսկ 1918թ․, երբ կայսերական տերությունը կարող էր իր բանակը մտցնել հարևան երկիր։

Եվրամիությունը աստիճանական բարեփոխումների վրա հիմնված իր քաղաքականությունը մի գիշերում ստիպված է փոխարինել քաղաքականությամբ, որն ուղղված է այս երկրների՝ որպես պետություն գոյատևմանը:

Պետք է հաշվի առնել այս հինգ երկրների խոցելիությունն ու հասկանալ, թե ինչպես օգնել նրանցից յուրաքանչյուրին։

Բելառուսում ռուսական իշխանության հաստատումն արդեն տեղի է ունեցել։ Այն այս նոր պատերազմում Մոսկվայի լիիրավ զինակիցն է։ Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերի ֆոնին աչքից վրիպում է, որ Ռուսաստանը փաստացի կուլ է տվել Բելառուսն ամբողջությամբ, և տեսանելի ապագայում այն արդեն կորսված է Եվրոպայի համար։ 

Ավելի քան ինը միլիոն բնակչություն ունեցող այս երկիրն այժմ հրաժարվել է իր անկախությունից։ Սակայն ընդամենը 18 ամիս առաջ այն ժողովրդավարական ապստամբություն վերապրեց, որը քիչ էր մնացել պաշտոնանկ աներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Որքան կարող էր ամեն ինչ այլ լինել, եթե այդ զանգվածային ցույցերը հաջողեին։ Եվրամիությունը պետք է շարունակի սատարել Բելառուսի խիզախ ժողովրդավարական ընդդիմությանը, սակայն այդ խմորը շատ ջուր կտանի։

Ռուսաստանը չափազանց մեծ իշխանություն ունի Հայաստանում, որը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական և տնտեսական դաշինքների՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը նաև փաստացի ղեկավարում է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ ցանկանալով Հայաստանը տանել դեպի Եվրոպա։ Իր դոնքիշոթային պոպուլիզմով նա ոչ մեկին այնքան նման չէ հետխորհրդային տարածքում, որքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սակայն Ուկրաինան ու Հայաստանն աշխարհաքաղաքական ջրբաժանի տարբեր կողմերում են։ Որպես հաջողություն կարելի է նշել այն, որ Հայաստանը կարողացավ ձեռնպահ մնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ընթացքում, որը մարտի 2-ին դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

Հայ փորձագետներից մեկը վարչապետ Փաշինյանին անվանում է «Պուտինի համար օգտակար ռազմավար», մարդ, որը համաձայնել է կյանքի կոչել Ռուսաստանի պարտադրած հրադադարի համաձայնագիրը, որով դադարեցվեց 2020 թ-ի պատերազմը։

Սակայն Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի երկարաժամկետ բազմաթիվ տնտեսական և քաղաքական լծակներ էլ ունի, ինչպես նաև բազմաթիվ օգտակար ընկերներ, ինչպես, օրինակ, նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների (որոնք դեմ էին արտահայտվում Փաշինյանին 2020 թ-ի պատերազմի պատճառով) միջոցով այժմ պետք է հստակ աջակցություն ցուցաբերի երկրի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։

Ադրբեջանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավասարակշռություն պահպանելու անհանգիստ փորձեր է անում։ Նախագահ Իլհամ Ալիևը Կիև էր այցելել հունվարին։ Այնուհետև կանչվել էր Մոսկվա Ռուսաստանի ներխուժումից բառացիորեն երկու օր առաջ՝ Պուտինի հետ արդեն նախապատրաստված «համագործակցության» համաձայնագիր ստորագրելու։

Հասարակության արձագանքն Ալիևի համար սարսափելի էր, սակայն այդ փաստաթուղթը որոշակի երաշխիքներ տվեց նրան։ Համաձայնագրի առաջին կետում խոսվում է տարածքային ամբողջականության և «միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ լինելու» մասին (ուշադրություն դարձրեք, թե ինչ լկտիություն է այս նորմատիվ լեզուն օգտագործելը, հաշվի առնելով, թե ինչ արեց Պուտինը երկու օր անց)։ Այս և Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության մասին համաձյանգիրն Ալիևին յուրօրինակ ապահովագրություն է տվել։

Բայց Ադրբեջանն ավելի խոցելի է տնտեսական ոլորտում։ Համաձայնգիրն ավելի է սերտացնում Բաքվի և Մոսկվայի կապերը, այն բազմաթիվ ձևակերպումներ է պարունակում տնտեսական համագործակցության մասին, որը Ադրբեջանը կարող է դարձնել փրկօղակ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձեր ձեռնարկող ռուսական ընկերությունների համար։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նաև «մյուս կողմի շահերին ուղղակի և անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեությունից զերծ մնալու» պարտավորությունը, որը գոնե թղթի վրա կարծես Մոսկվային ձայնի իրավունք է տալիս Ադրբեջանի ապագա էներգետիկ նախագծերում։

Եվ վերջապես, երկու երկրների մասին, որոնք առավել վտանգված են։

Մոլդովայի դեպքում աշխարհագրությունը ճակատագրական նշանակություն ունի։ Այն մոտ է Եվրամիությանն ու հեռու է Ռուսաստանից, թեև սահմանադրորեն չեզոք է և ֆորմալ առումով  պարտավորված է չմիանալ ՆԱՏՕ-ին։ Մայա Սանդուի եվրոպամետ կառավարությունը դեռևս առերեսվում է ուժեղ ռուսամետ ընդդիմությանն ու կարճաժամկետ ճգնաժամի, մինչ տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականները գաղթում են Մոլդովա։

Այժմ մղձավանջային սցենարն այն կլինի, եթե ռուսական առաջխաղացումը շարունակվի Սև ծովի երկայնքով դեպի Օդեսա, և զորքերը միանան Մերձդնեստրում՝ Մոլդովայից պոկված շրջանում եղած զորքերին, որին 30 տարի շարունակ ֆինանսավորում և զինում է Ռուսաստանը։ Մերձդնեստրի դե ֆակտո իշխանությունն ուզում է ուշադրություն չգրավել և երկու կողմերից էլ օգուտ քաղել՝ քաղաքական աջակցություն ստանալ Մոսկվայից և պահպանել ռուսական ոչ մեծ ռազմական ուժերն իր տարածքում, բայց հույսեր կապել  ԵՄ-ի հետ՝ որպես տնտեսական գործընկեր։

Ռուսաստանի շահերը Մերձդնեստրում մեծ չեն, սակայն կարող են մեծանալ, եթե այն դիտարկվի որպես նոր ռազմաբազայի տեղակայման վայր։ Մոլդովացիներին պետք է որ սարսափեցրած լինի տեսարանը, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն անզգուշաբար բացեց ներխուժման քարտեզը` հարավից Մոլդովայի վրա մատնանշող սլաքով:

Վրաստանն, իր հերթին, շատ առումներով Ուկրաինայի զույգն է։ Բուխարեստի 2008 թ-ի հռչակագիրը, որում ամրագրվել է այս երկու երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության մշուշոտ հեռանկարը, նրանց թողեց երկու վատթարագույն իրավիճակներում՝ առանց անդամակցության պաշտոնական պլանի և ավելի թշնամաբար տրամադրված Ռուսաստանի հետ։

Թբիլիսիում արդեն մի քանի օր է զագվածային ցույցեր են՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակական տրամադրությունների արտացոլումն է. նա աջակցություն է հայտնում Ուկրաինային և շրջագայում եվրոպական մայրաքաղաքներով։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, նրա համեմատ ողորմելի և երկչոտ տպավորություն է թողնում։ Նա բացահայտ կերպով հրաժարվում է դատապարտել Ռուսաստանին, որի հետևանքով հանդիմանության է արժանացել իր ուկրաինացի գործընկերոջից։

Իշխող «Վրացական երազանքի» կառավարության՝ Ռուսաստանի հետ շփման երբեմնի բավականին հաջող քաղաքականությունը փլուզվում է։ Թբիլիսին գժտվել է Բրյուսելի և Վաշինգտոնի հետ՝ ժողովրդավարությունից հեռանալու պատճառով։ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունք պահպանելով, բայց միաժամանակ չդիմելով իր ավանդական արևմտյան դաշնակիցներին՝ Վրաստանը կարող է ձախողել երկու ուղղություններով էլ։ Ավելին՝ պատերազմն ակտիվացրել է ընդդիմությանն ու սաստկացրել տևական քաղաքական ճգնաժամը երկրում։

Եթե Պուտինը թաքնված հավակնություններ ունենար այս կամ այն ձևով գրավել Վրաստանը, նրան ավելի քիչ բան պետք կլիներ, քան Ուկրաինայի դեպքում։ Ռուսաստանի աջակցությունը դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններից այն կողմ չի անցնում։ Երիտասարդ սերունդը  գրեթե չի խոսում ռուսերեն։ Ոչ մի քաղաքական կուսակցություն կողմ չի արտահայտվում Ռուսաստանի հետ միությանը։ Այնուամենայնիվ Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ Պուտինը կարող է օդից պատերազմ հայտարարելու առիթ ստեղծել։

Մարտի 3-ին սկզբում Վրաստանը, այնուհետև Մոլդովան պատմական որոշում կայացրին՝ արագացնելու ԵՄ անդամակցության դիմումները։ Եվրամիությունը շատ է խոսում կայունության մասին։ Հիմա ժամանակն է ուժեղացնելու այն ոչ միայն Վրաստանում և Մոլդովայում, այլև Հայաստանում և Ադրբեջանում։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել