Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ
16:59 - 02 մարտի, 2022

Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի ներկայացնում դեռ 2021 թվականի հունվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ 

Հայտարարագրի այդ տեսակը ներկայացնելու համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված է մեկամսյա ժամկետ, այսինքն՝ Դանիելյանը այն պետք է ներկայացներ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, ինչը, սակայն, չի արվել։

Դրանից ամիսներ անց՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին, երբ Դանիելյանն արդեն ազատված է եղել այդ պաշտոնից եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է պատգամավոր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակ, որում ներառված է եղել նաեւ նրա անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով։ Թեեւ օրենքով նման ցուցակ հրապարակելու կարգ սահմանված չէ, Հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր, որոշ դեպքերում այդպես է վարվում՝ անձանց լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ իր աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Գրավոր ծանուցումից հետո արդեն, ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 169․28-րդ հոդվածի, 30-օրյա ժամկետում հայտարարագիրը դարձյալ չներկայացնելու դեպքում անձինք ենթարկվում են վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000 դրամ)։

Նախորդ հրապարակմամբ Infocom-ն արդեն հայտնել է, որ չնայած ցուցակի հրապարակումից հետո Դանիելյանը դարձյալ չէր ներկայացրել հայտարարագիրը, Հանձնաժողովը նրան լրացուցիչ ժամանակ տրամադրելու վերաբերյալ օրենքով սահմանված գրավոր ծանուցումը չէր ուղարկել։ ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում դա պայմանավորել էր տեխնիկական խնդիրներով․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասել էր նա՝ նշելով, որ լրացուցիչ ժամանակ տրամադրելու ծանուցումը Դանիելյանին ուղարկվել է միայն 2022 թվականի հունվարի 18-ին՝ մեր գրավոր հարցումից հետո։

Լրացուցիչ ժամանակի ավարտից հետո՝ փետրվարի 28-ին, դարձյալ դիմեցինք ԿԿՀ՝ հետաքրքրվելով՝ Դավիթ Դանիելյանը ներկայացրե՞լ է արդյոք հիշյալ հայտարարագիրը, եթե այո, ապա ե՞րբ, իսկ եթե ոչ, հարուցվե՞լ է արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։

Մեր հարցին ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնեցին, որ  Դանիելյանը 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ ծանուցումը ստացել է հունվարի 25-ին, սակայն մինչ օրս (խոսքը մինչ փետրվարի 28-ի մասին է,-խմբ․) հայտարարագիրը չի ներկայացրել․ «Հայտնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ իրականացնում է վարչական իրավախախտման վարույթ»,- նշեցին ԿԿՀ-ից՝ հավելելով, որ պատգամավորը մարտի 17-ին հրավիրվել է Հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու:

Հայտարարագրերի ռեեստրում բացակայում է նաեւ Դանիելյանի փոխկապակցված անձի՝ կնոջ հայտարարագիրը։ «Հանրային ծառայության մասին»  օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տվյալները եւ պատասխանատու են դրանց իսկության համար: Նույն հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հայտարարագրերը օրենքի եւ ԿԿՀ-ի կողմից սահմանված կարգի եւ ժամկետների պահպանմամբ  չներկայացնելը եւս առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հաշվի առնելով սա՝ մարտի 1-ին ԿԿՀ-ին ուղղված մեր հարցմամբ խնդրեցինք հայտնել նաեւ՝ Դանիելյանի կնոջն ուղարկվե՞լ կամ նախատեսվո՞ւմ է ուղարկել ծանուցում՝ 30-օրյա ժամկետում հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մեր հարցին ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ Դանիելյանի կինը ծանուցվել է հենց այդ օրը՝ մարտի 1-ին: Ճշտող հարցին, թե որն է պատճառը, որ նրա ծանուցումը այդքան ուշ է ուղարկվել, Հանձնաժողովից չպարզաբանեցին։ 

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ պատգամավոր Դավիթ Դանիելյանից, սակայն նրա օգնական Արփինե Կարապետյանը փոխանցեց, որ հավելյալ պարզաբանման կարիք չկա, խնդիրը տեխնիկական է․ «Պարոն Դանիելյանն ասաց, որ տեխնիկական խնդիր է․ երբ բացվում է կնոջ տվյալները լրացնելու կետը, ծրագիրը կախում է, փորձում է կարգավորել, բայց չի ստացվում»։ Անձամբ իր հայտարարագրի բացակայության վերաբերյալ Դանիելյանը որեւէ այլ բան չփոխանցեց։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել