Նախագահի թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ |armenpress.am|
13:00 - 02 մարտի, 2022

Նախագահի թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը տնտեսության զարգացման համար կարևորում է կոռուպցիայի նվազեցումը, մրցակցության ավելացումը, բարձր տեխնոլոգիական տնտեսության զարգացումը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը:

Խաչատուրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին, թե հիմա ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է վարել մրցունակ պետություն ունենալու համար:

Նա նշեց՝ պատահական չէ, որ, երբ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո քննարկվել է Հայաստանի տնտեսական ապագան, ինքը գնահատական տալուց շեշտել է մի կարևոր հանգամանք, որ միայն այն, որ կոռուպցիան կնվազի, մրցակցությունը կավելանա, այլընտրանքը կշատանա, դա տնտեսության զարգացման լավագույն խթանը կարող է լինել:

«Հիմա ես կրկնում եմ նույնը՝ կոռուպցիան պետք է նվազի, մրցակցությունը, այլընտրանքները պետք է մեծանան: Դրանք լավագույն գործիքներն են, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը»,-ասաց Խաչատուրյանը: 

Նա խոսեց այլընտրանքների մասին՝ նշելով, որ երկիրը պետք է մտածի այլընտրանքների մասին:

«Խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական տնտեսություն: Սրա տակ ամեն ինչ կարող ենք հասկանալ: Մենք այլընտրանք չունենք, կորցրել ենք այն հնարավորությունը Խորհրդային միության փլուզումից հետո, որ ունեինք այդպիսին դառնալու: Մենք կորցրել ենք այն տեխնոլոգիական, մարդկային, սարքավորումների պոտենցիալը, որ ունեինք Խորհրդային տարիներին: Մենք պետք է դա վերականգնենք: Մեր նախարարությունը լծված էր այդ գործին: Որոշակի, շատ քիչ հաջողություններ կային»,-ասաց Խաչատուրյանը:

Նա հավելեց, որ այն ծրագրերը, որոնք սկսվել էին իր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար լինելուց առաջ, շարունակվել են իր նախարար եղած ժամանակ:

Նա այլընտրանքների մասին խոսելով՝ նկատի ունի նաև տարածաշրջանային  համագործակցության ընդլայնումը, ճանապարհների բացումը, փակված վիճակից դուրս գալը: «Սրանք այն այլընտրանքներն են, այն հնարավորություններն են, որոնք մենք տնտեսության զարգացման ահռելի ճանապարհ են բացելու»,-ասաց Խաչատուրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել