Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է
12:11 - 22 փետրվարի, 2022

Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։

Մասնավորապես, նիստի սկզբի հրապարակային հատվածում, խոսելով հանձնաժողովի գործունեության մասին, նա ասել է, որ որեւէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ (նկատի ունի քննիչ հանձնաժողով,- հեղ․) գալուց։

Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ ամրագրում է, թե հանձնաժողով ներկայանալը ում համար է պարտականություն, ում համար՝ իրավունք։

Մասնավորապես, օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու եւ բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաեւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Այսինքն՝ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվել չեն կարող միայն պաշտոնատար անձինք, իսկ այլ անձինք կարող են։

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ նախկին պաշտոնատար անձանց համար օրենքը որոշակի բացառություն է նախատեսում։ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1․1 կետի համաձայն՝ պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու եւ բացատրություններ տալու, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաեւ նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու եւ բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչեւ պաշտոնից ազատվելը: Այսինքն՝ պատերազմի ընթացքում որեւէ պաշտոն զբաղեցրած, բայց այժմ պաշտոնաթող անձինք կարող են նաեւ չներկայանալ, եթե հրավերը ստացել են պաշտոնը թողնելուց եւ/կամ ազատվելուց հետո։

Իր ելույթի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն նաեւ ասել է․ «Մեր ամբողջ աշխատանքի ընթացքում, ինչպես Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի, ինչպես Մարտի 1-ի փաստահավաք խմբի ժամանակ է եղել, որեւէ դրվագ չի կորելու, այդ բոլոր դրվագները լինելու են մեր երկրի արխիվային կարողությունների մեջ, եւ նաեւ դա է հիմք տալիս, որ որեւէ թաքցնելու բան չի կարող լինել։ Երբ ասում են՝ քվեարկությամբ են կանչելու, չէ, էդպիսի բան չկա, անհրաժեշտությամբ ենք կանչելու, քվեարկությամբ որեւէ մեկին․․․ Եթե եղավ առաջարկ, էդ առաջարկը, ոնց որ եղել է Քառօրյայի ժամանակ․․․ Չի եղել դրվագ, երբ մենք քվեարկենք՝ սրան կանչենք թե չէ։ Եթե եղել է անհրաժեշտություն, պետք է գա»։

Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը այլ կարգավորում է նախատեսում։ Ըստ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հանձնաժողովը կարող է որոշմամբ հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբՍտացվում է, որ օրենքի համաձայն՝ անկախ անհրաժեշտությունից՝ Հանձնաժողով ներկայանալու հրավեր ուղարկելու համար անհրաժեշտ է որոշում, որը ընդունվում է քվեարկությամբ։ 

Օրենքը սահմանում է նաեւ, թե որ դեպքում Հանձնաժողովը իրավունք ունի գործել առանց որոշումներ ընդունելու։ Մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հանձնաժողովը կարող է անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ։

Հավելենք, որ թեեւ հանձնաժողովի գործունեությունը ամրագրող նորմերում կիրառվում է «կարող է», ոչ թե «պարտավոր է» ձեւակերպումը, այնուհանդերձ, Սահմանադրության  6-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետեւաբար, պատգամավորները չեն կարող առանց որոշման հրավեր ուղարկել, քանի որ օրենքով նման լիազորություն չունեն։

Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանի վերոնշյալ պնդումները սխալ են եւ չեն համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կարգավորումներին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել