Ավստրալացի խորհրդարանականը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը
19:39 - 21 փետրվարի, 2022

Ավստրալացի խորհրդարանականը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը

 ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձևաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի և Ջոել Ֆիթսգիբբոնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը և Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, Իշխան Սաղաթելյանը  երախտագիտություն է հայտնել  ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար՝ նշելով, որ  պատրաստակամ է ներդնել կապերը զարգացնելու հավելյալ ջանքեր:

«Նշելով, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ փորձությունների միջով է անցել, ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ՝ այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:  «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, և Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նոր ցեղասպանությունների կանխման համար»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը՝ այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու  սկսված գործընթացին:  «Դաշնակցությունը մեծ վերապահումով է մոտենում այդ հարցին,  քանի որ մենք դեմ ենք նախապայմաններով դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, իսկ Թուրքիայի կողմից միշտ եղել են նախապայմաններ: Դրա վկայությունն է նաև Շուշիի հռչակագրի ընդունումը իրենց խորհրդարանների կողմից»,-նշել է Իշխան Սաղաթելյանը: Նա ընդգծել է, որ  Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավստրալացի պատգամավորների դիտարկմամբ՝ հայ-ավստրալական բարեկամությունը երկար պատմություն ունի, իսկ երկու երկրներն էլ՝ շատ ընդհանրություններ: Պատգամավորները նշել են, որ եղել են Հայաստանում և հետաքրքրված են Արցախով և Հայաստանով: Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը,  այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը՝ կանխելու համար նման գործողությունների իրականացումը:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ավստալական կապերի զարգացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել