Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը Բաքվի կողմից հետախուզվելու հայտարարությանը
16:13 - 21 փետրվարի, 2022

Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը Բաքվի կողմից հետախուզվելու հայտարարությանը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանում Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում սկսելու հայտարարությանը։ Հաղորդագրության մեջ ասվում է․
 
«Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:
 
Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու:
 
Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ:
Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:
 
Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:
 
Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:
 
Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել