ԵՄ-ն դատապարտում է իրավիճակի լարումը Դոնբասում
 |azatutyun.am|
11:49 - 20 փետրվարի, 2022

ԵՄ-ն դատապարտում է իրավիճակի լարումը Դոնբասում |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կրկնել է ԵՄ-ի մտահոգությունը արևելյան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի առաջարկին՝ Դոնբասի հարցով Եռակողմ կոնտակտային խմբի արտահերթ հանդիպում հրավիրելու վերաբերյալ։

«ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում լարվածությունը թուլացնել՝ Ուկրաինայի սահմաններից ռազմական ուժերի զգալի դուրսբերման միջոցով։ Այս էսկալացիան այժմ սրվում է Արևելյան Ուկրաինայի սահմանազատման գծի երկայնքով վերջին օրերին հրադադարի խախտումների ավելացմամբ», - ասվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն դատապարտում է ծանր սպառազինության կիրառումը և բնակելի թաղամասերի անխտիր գնդակոծությունը՝ որպես Մինսկի համաձայնագրերի և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում։

«Մենք սատարում ենք ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի առաջարկը՝ հրավիրել եռակողմ կոնտակտային խմբի արտահերթ հանդիպում՝ առկա լարվածությունը թուլացնելու համար և կոչ ենք անում բոլոր մասնակիցներին միանալ ներկայիս իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար անհրաժեշտ ջանքերին», - ասվում է Բորելի հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել