Պատասխանատվության ենթարկել Կարեն Անդրեասյանին. Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին
14:15 - 18 փետրվարի, 2022

Պատասխանատվության ենթարկել Կարեն Անդրեասյանին. Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին:

«Սույն թվականի փետրվարի 11-ին «factor.am» լրատվամիջոցին, և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»  հաղորդաշարին  տված հարցազրույցներում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախտելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնավորապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցուցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվածություն,  հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատավորներին վիրավորող և պիտակավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի:

Սույն նամակով անդրադառնալով նախարարի՝ իրեն վայել վարքագիծ դրսևորելու պարտականությանը, գտնում եմ, որ տվյալ հարցում ասելիք և անելիքներ ունի նաև Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը գտնվում է նրա սահմանադրական լիազորությունների տիրույթում:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:

2. Պետական քաղաքական պաշտոններն են (…) նախարարների (…) պաշտոնները:

(…):

4. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝

1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը.

4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքե-րում` նաև հայտարարագիր ներկայացնելը.

(…)»:

Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս:

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հարգում են իրենց (…) գործընկերների (…) արժանապատվությունը»:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս դրսևորում են անկողմնակալություն՝ բացառելով որևէ խտրականություն:

2. Հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապատասխան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է: (…)»:

Նույն օրենքի 27.1.-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն։

2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը»։

Քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի իրավաչափ վարքագիծը և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը կանոնակարգող վերոնշյալ իրավական նորմերի համատեքստում` ուսումնասիրելով նախարար Կ.Անդրեասյանի վերոնշյալ ելույթները, գտնում եմ, որ դրանցում առկա մի շարք ձևակերպումներ նսեմացնում են դատարանների և դատավորների արժանապատվությունը, ընդհանուր խոսքի մեջ օգտագործված պիտակավորումները, անվանարկումները, դատավորների դասակարգումները և այդ դասակարգման չափանիշները զուրկ են բարեկրթության տարրական կանոններից, վայել չեն պետական, հատկապես՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող հանրային ծառայողին, այն աստիճան քաղաքականացված են, որ կասկածի տակ է դնում նախարար Կ.Անդրեասյանի կողմից ի պաշտոնե մատուցվող հանրային ծառայության անկողմնակալությունը:

Ավելին, դրանք հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այնքանով որքանով նույնիսկ ողջամիտ կասկածի առկայությունը չի կարող վկայել դատավորին կալանավորելու վերաբերյալ կայացված որոշման օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին:

Գտնում եմ նաև, որ նախարարի ելույթներում հնչեցված առանձին մտքերը հակասում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին։

Մասնավորապես, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մար-մին է, որը Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»:

Նույն օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան»:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝

«1. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

2. Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

4. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ անհապաղ գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին:

6. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իրավասու մարմնի ձեռնարկած միջոցառումների, ինչպես նաև ողջամիտ ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու կապակցությամբ հանդես գալու պաշտոնական հայ-տարարությամբ:

(…)»:

Տվյալ դեպքում նախարարը, որպես պաշտոնատար անձ, պարտավոր էր և պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել ԲԴԽ անկախությունը, որն իր հերթին կոչված է ապահովել ոչ միայն իր անդամների, այլև դատավորների անկախությունը, ի թիվս այլնի, նաև ընթացիկ կարգապահական վարույթների շրջանակներում:

Մինչդեռ,  հրապարակային այնպիսի արտահայտությունները, որպիսիք են՝ կարգապահական վարույթները քննելու և լուծելու արդյունքներով պայմանավորված՝ ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ հիասթափություն հայտնելը, ԲԴԽ-ի կողմից իր բարձունքում երբեմն չգտնվելու վերաբերյալ պնդումները, ԲԴԽ անդամներին ազնիվի և ոչ այնքան ազնիվի, լավ կամ վատ դատավորների դասակարգելը, իր միջնորդություններին դեմ քվերակած ԲԴԽ անդամներին դատավորական կլան անվանելը, իր միջնորդություն-ներին դեմ քվեարկած դատավորների շրջանակը պարզելու և դրա պատճառները բացահայտելու ցանկություն հայտնելը, իր «հիմնավոր» միջնորդությունները մերժելու մասին ԲԴԽ որոշումների հետ չհամակերպվելը՝ դրանց  անբողոքարկելի լինելու պայմաններում, Հայաստանում վեթինգի իրականացման ձգձգումը իր ներկայացրած միջնորդությունները ԲԴԽ կողմից համատարած չբավարարելու հանգամանքով պայմանավորելը, որոնք արվել են և արվում են պետական բարձրաստիճան այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին արդարադատության նախարարն է, ԲԴԽ-ում քննվող ընթացիկ կարգապահական վարույթների տեսանկյունով բովանդակում են ԲԴԽ անդամ-ների գործունեությանը ոչ իրավաչափ միջամտության տարրեր, որն առհասարակ անհամատեղելի է անկախ դատարանի և արդարադատության գաղափարների հետ:

Վերոգրյալների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդին առաջարկում եմ միանալ սույն հայտարարությանը և իրավասու մարմնի առջև բարձրացնել վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վարքագիծը»,- նշված է գրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել