Ապաշրջափակման հետ կապված հնարավորությունները տեսանելի են. Մհեր Գրիգորյան |armenpress.am|
18:20 - 17 փետրվարի, 2022

Ապաշրջափակման հետ կապված հնարավորությունները տեսանելի են. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մասնավորապես երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով վարչապետի այսօրվա խոսքերը՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ:

Փոխվարչապետի խոսքով այս պահի դրությամբ նոր համաձայնություններ չկան, բայց ամեն դեպքում հարցի վերաբերյալ պայմանավորվածությունները ստանալու են գրավոր ձևակերպում՝ ըստ իրավական պահանջների:

«Կան ընդհանուր սիմետրիկ ընկալումներ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես՝ երկաթգծի [բացման] հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև պայմանավորվածության գրավոր ձևակերպում, որովհետև ներդրումները մեծ են և ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Հարցին՝ կոնկրետ համաձայնություններ այս պահի դրությամբ կա՞ն, փոխվարչապետը պատասխանել է, որ այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների վերաբերյալ եղել են պաշտոնական հայտարարություններ:

Մհեր Գրիգորյանը հղում է արել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի միջև Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված և 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությանը երկաթուղու վերագործարկման մասին:

«Մասնավորապես Բրյուսելյան հայտարարությունը հստակ ասում է այն պայմանավորվածության, կողմերի այն մոտեցումների մասին, որոնք վերաբերում են երկաթգծին»,- մեկնաբանել է փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել