Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը» |azatutyun.am|
16:43 - 17 փետրվարի, 2022

Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը» |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի և Անկարայի բանագնացների երկրորդ հանդիպումից առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Երեկվա հանդիպմանը մասնակցած Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կոռեկտ չհամարեց հանդիպումից մանրամասներ փոխանցել, միայն նկատեց՝ շատ կարևոր է, որ այս գործընթացի հենց սկզբում կողմերը հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները:

«Այստեղ խոսքը երկու երկրների ուղիղ փոխգործակցության մասին է։ Կողմերը գործընթացը սկսել են առանց նախապայմանների, բայց ակնհայտ է, որ ընթացքում կսկսվեն խոսակցությունները կարելիների և չի կարելիների մասին։ Այս ամենը պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ մասնավորապես, Ադրբեջան, սահմանային հարցեր, Լեռնային Ղարաբաղ, «միջանցք», այս ամենը պետք է միասին դիտարկել։ Տարբերակներից մեկը կարող է սա լինել՝ մտնել գործընթացի մեջ և հետո հասկանալ, թե Հայաստանը ինչպես կարող է գոյատևել։ Մոտավորապես նույնը Թուրքիայի պարագայում է։ Պետք է հստակ ռազմավարություն ունենալ և հասկանալ` ինչ ես ուզում, որովհետև նպատակները կարող են շատ տարբեր լինել», - ասաց նա։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որը ևս մասնակցել է քննարկմանը, ողջունում է իշխանությունների այս նախաձեռնությունը։ Վստահ չէ, որ այն շարունակական բնույթ է կրելու, բայց ասում է՝ կարևոր է գործընթացում մասնագետների ներգրավումը։ Սաֆրաստյանը քննարկմանը հայ-թուրքական կարգավորման մասին իր պատկերացումներն է ներկայացրել, մասնավորապես, որ հայկական կողմը պետք է «կարմիր գծեր» սահմանի։ Դա, ըստ ակադեմիկոսի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է:

«Կարևորն այն է, որ բանակցային գործընթացում պետք է մենք այնպիսի զիջումներ չանենք, որոնք կլինեն մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներ, պետք է «կարմիր գծեր» դնել, որոնք բանակցությունների ընթացքում ուղղակի անցնել չի կարելի, ինչպես Կանտն էր ասում, կատեգորիկ իմպերատիվ են դրանք, մասնավորապես Ցեղասպանության հետ կապված խնդիրը: Չեմ կարող ասել` շարունակություն կունենա այս նախաձեռնությունը, թե չէ, որովհետև դա մենք չենք որոշում, Արտգործնախարարությունն է որոշում, և ինչ ձևաչափ կլինի` դա էլ չեմ կարող ասել», - հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել