Եվրախորհրդարանը վերահաստատել է՝ Մինսկի խումբը Արցախի հարցով միակ ճանաչված ձևաչափն է |aravot.am|
14:06 - 17 փետրվարի, 2022

Եվրախորհրդարանը վերահաստատել է՝ Մինսկի խումբը Արցախի հարցով միակ ճանաչված ձևաչափն է |aravot.am|

aravot.am: Եվրախորհրդարանն ընդունել է 2021թ. «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» զեկույցը, որում կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ Արցախյան բանակցություններում իր միջնորդական դերին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում և կոչ է արվում Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ իր միջնորդական դերին:

Զեկույցի հեղինակները նաև կոչ են անում Եվրամիությանը, ԵՄ անդամ երկրներին, ԵՄ նախագահի և բարձրագույն հանձնակատարի գրասենյակներին ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լուծում գտնելու և տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու գործում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու պատերազմից հետո առաջ եկած, հատկապես սահմանազատման ու մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցերը:

Փաստաթղթում նաև ԵՄ-ն վերահաստատում է իր «անսասան աջակցությունն» Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են նրանց անկախությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հարգանքը ժողովուրդների ազատ կամքի նկատմամբ:

Փաստաթղթում նաև կոչ է արվում ամբողջությամբ իրականացնել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ասոցացման, և Հայաստանի հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել