Պատկերացրեք՝ ինչ տհաճ է կղանքը, ինչպե՞ս կարող է մենք լցնենք ափսեի մեջ ու հրամցնենք երեխաներին. դաստիարակի արձագանքն իրեն ուղղված մեղադրանքներին |aravot.am|
12:01 - 17 փետրվարի, 2022

Պատկերացրեք՝ ինչ տհաճ է կղանքը, ինչպե՞ս կարող է մենք լցնենք ափսեի մեջ ու հրամցնենք երեխաներին. դաստիարակի արձագանքն իրեն ուղղված մեղադրանքներին |aravot.am|

aravot.am: Թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխայի նկատմամբ բռնություններ կատարելու աղմկահարույց դեպքով երեխայի մոր երեկ ներկայացրած մանրամասներին անդրադարձել է այդ գործով մեղադրյալ, մանկապարտեզի դաստիարակներից Իրինա Ալեքսանյանը:

«Նախ սկսեմ նրանից, որ երբ երեխայի մայրն ասում է, թե երկու հեռախոս եմ ունեցել ու երկրորդ հեռախոսս տվել եմ երեխաներին, որ մուլտերով նայեն, ինչ է արվում ու նույնն անեն իր երեխայի հետ, ասեմ, որ երկու հեռախոս չեմ ունեցել, այդ ընթացքում ունեցել եմ մեկ հեռախոս։ Ինքը նշում է յոթ երեխայի մասնակցություն, լավ այդ յոթ երեխայից ոչ մեկը չգնա՞ց ու տանը չպատմե՞ց, թե մանկապարտեզում ինչ են արել: Այդ երեխաները 4-5 տարեկան են ու դա իրենց համար հաստատ սովորական երեւույթ չէր լինելու։ Իրենք ամեն ինչ պատմում են տանը՝ ինչ կերան, ինչ խմեցին, ինչ արեցին։

Մեր մանկապարտեզը փոքր մանկապարտեզ է ու հնարավոր չէ՝ մի բան լինի ու մյուս խումբը չիմանա։ Մեր մանկապարտեզն ընդամենը երկու խումբ ունի, փոքր տան նման մանկապարտեզ է ու հնարավոր չէ ծածուկ մի բան անել ու ոչ մեկը չիմանա: Այսինքն՝ ինչպե՞ս եք պատկերացնում, եթե նման երեւույթ լինի մանկապարտեզում, ո՞ր ծնողը կլռի»,- ասաց Իրինա Ալեքսանյանը:

Մեր դիտարկմանը, թե փոքր մանկապարտեզ է ու երեխայի ծնողի վստահեցմամբ՝ հիմնականում մանկապարտեզի աշխատողների երեխաներն են հաճախում, մեկը մեկին բարեկամ են, ինչի դեպքում հնարավոր է՝ նման դեպք, եթե տեղի ունենա, մնա մանկապարտեզի ներսում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որեւէ արյունակցական կապ չկա, ես, որ մտել եմ այդ մանկապարտեզ, սկզբում եղել եմ ծնող, հետո, երբ տնօրենն իմացել է՝ ունեմ համապատասխան կրթություն, ինձ այդտեղ աշխատանքի է ընդունել:

Բացի այդ՝ ես ուզում եմ շեշտել, որ աշխատել եմ երկրորդ հերթի դաստիարակ, այսինքն, գնացել եմ աշխատանքի ժամը երեքին եւ շփվել եմ տվյալ երեխայի հետ այն ընթացքում, երբ փոխարինել եմ առաջին հերթի դաստիարակին, այսինքն՝ դա կարող է լինել տարվա մեջ մի անգամ, երբ նա գնում է արձակուրդ կամ մեկ շաբաթով հիվանդացել է, եւ ես փոխարինել եմ նրան:

Ես այդ երեխային տեսել եմ միայն այդ ընթացքում, իսկ մնացած օրերին ինքը երեխաներին շուտ է տարել, եղել է ժամը մեկին, երկուսին: Այսինքն՝ իր նշածները պարզապես չեն կարող լինել»: Դաստիարակի խոսքով, նշված երեխան շատ ինքնամփոփ երեխա է եղել ու դժվար է հարմարվել միջավայրին, գրեթե չի խաղացել մյուս երեխաների հետ, բերել է մի խաղալիք ու այդ խաղալիքով է ողջ ընթացքում խաղացել:

Անդրադառնալով երեխայի մոր խոսքերին, թե ինքը պարբերաբար առանձնացրել է իր դստերն ու նկարել, մեր զրուցակիցը նկատեց. «Դա եղել է COVID-ի ընթացքում, երբ ծնողները մուտք չէին ունենում մանկապարտեզ, չէին տեսնում՝ իրենց երեխաներն ինչ են անում: Այդ ընթացքում, ծնողներն ուղղակի պահանջում էին, որ մենք նկարենք իրենց երեխայի առօրյան: Այդ երեխային մենք առանձին չենք նկարել։ Ես ընդամենը մի անգամ եմ նրան նկարել։ Տնօրենի միջոցով ինքն ինձ հաղորդեց, որ պետք չէ երեխան նկարվի։ Ես իր աչքի առաջ հեռացրել եմ այդ նկարը ու այլեւս այդ երեխային չեմ նկարել»:

Անդրադառնալով երեխայի մոր պնդումներին, թե իր երեխայի ձեռքերը կապել են, իբրեւ թե ծնունդն են նշում ու կղանք, հող ու խոտ են կերակրել, մեզի մեջ թաթախած հաց, Իրինա Ալեքսանյանը շարունակեց.

«Դա բացարձակ սուտ է, հերյուրանք, զրպարտանք: Այդ ծնունդին միայն այդ երեխա՞ն էր մասնակցում։ Իսկ եթե այլ երեխաներ են մասնակցել, էլի՞ չեն գնացել իրենց ծնողներին պատմել: Դուք պատկերացրեք՝ ինչ տհաճ է կղանքը, ոնց կարող է մենք լցնենք ափսեի մեջ ու հրամցնենք երեխաներին»: Մեր հարցին՝ ինչու պետք է ծնողն այս պատմությունը հնարեր, եթե չեք ընդունում մեղադրանքները, հնարավո՞ր է ծնողը որեւէ տրամադրվածություն ունի ձեր նկատմամբ, մեր զրուցակիցը արձագանքեց. «Ինքը մեզ հետ բացարձակապես խնդիր չի ունեցել, երբեւէ չի ասել, որ մեզ հետ խնդիր ունի։ Եկել է նորմալ ու քաղաքավարի իր երեխաներին վերցրել, գնացել է: Այս բողոքը, որ լսել էի, ապշել էի ուղղակի, որովհետեւ նման բան, նման հերյուրանք երբեւէ չէի սպասի որեւէ մեկից»:

Ավելին՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել