Թուրքիայում ԱՄՆ դեսպանը  ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:07 - 15 փետրվարի, 2022

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման մասին։ Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն։

Ըստ հաղորդագրության՝ Ֆլեյքը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Դա նույնպես հիանալի է: Մենք ողջունում ենք դա: Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ հանդիպումները տեղի են ունենում․ մեկը եղել է Ռուսաստանում, իսկ մյուսը կլինի Վիեննայում:

Եվ մենք ցանկանում ենք լինել այն դերում, որում կարող ենք լինել հետին պլանում, որպեսզի տեսնենք, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում: Բայց այն, ինչ կատարվում է, իսկապես հուսադրող է։ Այժմ Ստամբուլից Երևան թռիչքներ են իրականացվում: Դա հիանալի նշան է»,- հայտարարել է Ֆլեյքը։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին առաջինը խոսել է Թուրքիա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ նշանակվելու են երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ։ Տեղեկությունը հաստատել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Այնուհետև թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմից՝ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել  հունվարի 14-ին Մոսկվայում։ Ըստ Ռուբինյանի՝ Հայոց ցեղասպանության հարց չի քննարկվել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել