Հնարավոր չէ՝ նոր ընտրություններ լինեն. իրենք օրենքը սխալ են մեկնաբանում. Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար |news.am|
13:26 - 15 փետրվարի, 2022

Հնարավոր չէ՝ նոր ընտրություններ լինեն. իրենք օրենքը սխալ են մեկնաբանում. Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար |news.am|

news.am: Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո դեռեւս փաստաթղթերի հանձնում-ընդունում չի կատարվել։ «Արփի-Ամասիա» դաշինքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասաց, որ համայնքում ավագանու նիստեր տեղի են ունենում, խնդիրը միայն  փաստաթղթերի հանձնում-ընդունում չկատարելն է։

Հանձնում-ընդունում չի կատարում նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված թեկնածու Մերգել Ղարիբյանը։ Թեկնածուն Վարչական վերաքննիչ դատարանում վիճարկում է Ամասիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։

Ջեմմա Հարությունյանի խոսքով՝ համայնքում ընտրություններն անցել են առանց խախտումների։

Անդրադառնալով իր դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ Հարությունյանն ասաց.

«Ո՞ւմ դեմ բողոքի ակցիա չեն անում, ես դա նորմալ եմ ընդունում։ Իրենց ներկայացուցիչը հրաժարվել է 6 մանդատից, թող գնան, իրենք էլ պատասխան տան, թե ինչու են հրաժարվել ընտրության արդյունքներով իրենց մանդատները վերցնել։ Հնարավոր չէ, որ նոր ընտրություններ լինեն։ Իրենք օրենքը սխալ են մեկնաբանում»։

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ, Ամասիա եւ Արփի խոշորացված համայնքները միավորվեցին եւ դարձան մեկ խոշորացված համայնք, որն արդեն կոչվեց Ամասիա։ Ընտրություններում առավել թվով ձայն էր ստացել իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն (1217 ձայն), «Արփի-Ամասիա» դաշինքը՝ 1200 ձայն եւ ՀՀԿ-ն՝ 750 ձայն: ՔՊ-ն եւ «Արփի Ամասիան» պետք է ստանային 6-ական մանդատներ, իսկ ՀՀԿ-ն՝ 3։ Սակայն, ՔՊ-ի ավագանու թեկնածուները, մինչեւ մանդատների բաշխումը, ինքնաբացարկ էին հայտնել, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն Ամասիա համայնքում։ Բայց մյուս երկու ուժերը վերցրել էին մանդատները եւ միասին ունենալով 50 տոկոսից ավելի ձայն, համայնքապետ էին ընտրել Ջեմմա Հարությունյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել