Ընկերությունները չեն վճարել շուրջ 1.5 միլիարդ դրամի հարկեր. հարուցվել են քրգործեր. ՊԵԿ
12:06 - 15 փետրվարի, 2022

Ընկերությունները չեն վճարել շուրջ 1.5 միլիարդ դրամի հարկեր. հարուցվել են քրգործեր. ՊԵԿ

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, ՀՀ ՊԵԿ քննչական ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քրեադատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում փաստացի այլ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ և հեռախոսի աքսեսուարներ:

Պարզվել է, որ ընկերություններն այդ ընթացքում խուսափել են առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1.5 մլրդ դրամի հարկեր վճարելուց, որոնց մասով հարուցվել են քրեական գործեր: 

Վերը նշված անձանց փաստացի պատկանող ընկերություններից մեկը՝ «Ռեսպեկտ Ռայթ» ՍՊԸ-ն, 2021 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 700 մլն ՀՀ դրամ ինվոյսային արժեք ունեցող հագուստ, սակայն որևէ իրացում չի ձևակերպել` թաքցնելով ներմուծված հագուստի իրական շահառուներին:

Միաժամանակ հարկային մարմին ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերում նշելով ակնհայտ կեղծ տվյալներ` չարամտորեն խուսափել է շուրջ 122 մլն ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ-ի վճարումից: 

Ներկայում ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են, որոնց վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել