Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․  լուրը հրապարակվել է երգիծական կայքում
17:24 - 13 փետրվարի, 2022

Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․ լուրը հրապարակվել է երգիծական կայքում

Փետրվարի 12-ին pastinfo.am կայքում հրապարակվել է «Իտալիան Ուկրաինային է վերադարձրել դեսպանատան աշխատակիցների անվան տակ տարհանված հայերին» վերտառությամբ նյութ։

Նյութում նշվում է, թե Ուկրաինայում մի խումբ հայեր ԱԳՆ-ի իրենց բարեկամից իմացել են հատուկ չվերթի մասին և որոշել դեսպանատան աշխատակիցների անվան տակ մեկնել Իտալիա։

«Վայրէջքից անմիջապես հետո նրանք փորձել են չափազանց հոգնած ձևանալ և անհետանալ ամբոխի մեջ, սակայն հաշվի չեն առել, որ օդանավակայանում փաստաթղթերը ստուգվում են ավտոմատ սկաներների միջոցով։ Չիպերի փոխարեն «դիվանագետների» կեղծ անձնագրերում միայն փայլաթիթեղի կտորներ են եղել, որոնք շարքից հանել են միանգամից 2 թանկարժեք սարք, որից հետո միջամտել են սահմանապահներն ու արագ բացահայտել խաբեությունը»,- ասվում է նյութում։

Ըստ pastinfo.am-ի՝ պարզվել է, որ հայերից մեկն աշխատել է Ուկրաինայի մարզային պետական վարչությունում, մյուսը Կիևի Մշակույթի և արվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր է։ Իսկ երբ նրանց հետ են ուղարկել Կիև, պարզ է դարձել, որ փախստականներից մեկը ալիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով Ռումինիայի կողմից հետախուզման մեջ է երկար տարիներ։

«Այս պահին Իտալիայի և Ուկրաինայի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես են Հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարողացել վայրէջքից առաջ անարգել անցնել բոլոր ստուգումները, և ինչու է ինքնաթիռը օդ բարձրացել նախատեսված ժամկետից մեկ ժամ շուտ։ Կիևի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տնօրեն Արսեն Մանուկյանի խոսքով՝ դրսից հաքերային հարձակում է տեղի ունեցել, և դժվար թե հնարավոր լինի բացահայտել այս հարձակման պատվիրատուներին ու հեղինակներին»,- ասվում է նյութի վերջին պարբերությունում։

Բացի pastinfo.am-ից՝ այս տարօրինակ ձևակերպումներով լուրը հրապարակել է նաև armday.am կայքը։

Այս լուրի աղբյուրը ռուսական panorama.pub կայքն է, որտեղ նման բովանդակությամբ նյութ է հրապարակվել փերվարի 12-ին։ Չնայած ո՛չ pastinfo.am-ը, ո՛չ armday.am-ը չեն նշում իրենց աղբյուրը, սակայն նրանց հրապարակումների բովանդակությունը նույնությամբ համընկնում է panorama.pub-ում հրապարակված նյութի բովանդակությանը։

Սակայն եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ panorama.pub-ում հրապարակված լուրի տեքստի ներքևի հատվածում նշված է․ «Այս կայքի բոլոր տեքստերը իրականության գրոտեսկային կրկնօրինակումներ են և իրական լուրեր չեն»։

2017-ին հիմնված panorama.pub-ը ռուսական երգիծական կայք է, որի հեղինակներն անանուն են և հանդես են գալիս կեղծանուններով․ գլխավոր խմբագիրը ներկայանում է որպես Բորիս Գոնտերմախեր (Борис Гонтермахер), հատուկ թղթակիցը՝ Վիտալի Մանն (Виталий Манн): Իսկ հարթակի երրորդ աշխատակիցն, ըստ կայքի, նրանց պահեստապետն է։ Կայքի «Մեր մասին» բաժնում ներկայացված է մտացածին պատմություն, ըստ որի՝ «Панорама»-ն ստեղծվել է դեռևս 1822 թվականին։

Ինչ վերաբերում է Իտալիայի դեսպանատան աշխատակիցների՝ Ուկրաինայից հեռանալու լուրին, ապա ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Իտալիայի արտգործնախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայից հայրենիք վերադարձնելու դեսպանատան աշխատակազմի ոչ հիմնական աշխատակիցներին (tass.ru, ria.ru): Այս տեղեկության աղբյուրն Իտալիայի ԱԳՆ-ն է։ Հենց այս լուրն էլ, ամենայն հավանականությամբ, երգիծական կայքի հումորային հրապարակման հիմքն է եղել։

Ռուսաստանում մեկ անգամ չէ, որ panorama.pub-ի հրապարակումները տարածել են տարբեր կայքեր, իսկ որոշ լրատվամիջոցներ և անգամ պաշտոնյաներ որպես իրականություն են ներկայացրել հարթակի մտացածին լուրերը։ 

2019-ի մայիսին, օրինակ, երբ Եկատերինբուրգում տաճարի կառուցման դեմ ցույցեր էին տեղի ունենում, panorama.pub-ը հայտնել էր, թե Ռուսաստանի նախկին նախագահ Ելցինի անունը կրող կրթական-մշակութային կենտրոնը ցուցարարներին վրաններ ու առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել։ Այս լուրն իր թվիթերյան միկրոբլոգում տարածել էր լրագրող Վլադիմիր Սոլովյովը։

2021-ին էլ panorama.pub-ը գրել էր, որ ըստ Սանկտ Պետերբուրգի ղեկավարի որոշման՝ քաղաքում ոչ աշխատանքային օրերին մետրոյում երթևեկության արժեքը կավելացվի 10 անգամ, իսկ վերգետնյա տրանսպորտում՝ 5 անգամ։ Լուրը պաշտոնապես հերքվել էր, իսկ հեղինակ Վիտալի Մաննը «РИА Новости» գործակալությանը հայտնել էր, որ այդ լուրը կատակ է և քաղաքում խուճապ առաջացնելու միտք չուներ։

Այսպիսով, panorama.pub-ում հրապարակվող բովանդակությունը հումորային է, անգամ դեպքեր են լինում, երբ հարթակի ընթերցողներն են հեղինակներին լուրեր առաջարկում, որոնք հրապարակվում են կայքում։ Ստացվում է, որ Եվրոպա մեկնելու համար Իտալիայի դեսպանատան աշխատակիցներ ձևացած հայերի մասին պատմությունը ևս մտացածին է։

Գլխավոր լուսանկարում՝ Ուկրաինայի միջազգային օդանավակայանը

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել