Կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ. ՀՀ վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
13:22 - 08 փետրվարի, 2022

Կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ. ՀՀ վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ:

Բարձր գնահատելով արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտներում մեր երկրին մինչ այժմ ցուցաբերված տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը հույս է հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ ու կնպաստի այդ ուղղություններով իրականացվող բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչմանը:

Դեսպան Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարության համար Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը մեծ կարևորություն ունի: Դեսպանը հավելել է, որ ճապոնական կողմը ևս հետաքրքրված է տնտեսական համագործակցության ընդլայնմամբ ու պատրաստ է հայաստանյան գործընկերների հետ ինտենսիվ աշխատանք տանել այդ նպատակով: Ֆուկուշիմա Մասանորին վարչապետին է ներկայացրել Ճապոնիայի դեսպանության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են տարբեր ոլորտներում տեխնիկական հագեցվածության ապահովմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ուղղություններով համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել