Արավուս․ առանց արտ ու արոտ, առանց աշխատանք ու անվտանգություն
20:17 - 05 փետրվարի, 2022

Արավուս․ առանց արտ ու արոտ, առանց աշխատանք ու անվտանգություն

Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ թեւին ընկած է Տեղ համայնքի Արավուս գյուղը, որն այսօր երեք կողմից դիտարկվում է ադրբեջանցիների դիրքերից։ Փոքրիկ գյուղ է՝ 180 բնակչով։ Գյուղի վերջին տան բակից մեր ու հակառակորդի դիրքերին քայլելով անգամ կարելի է մոտենալ։ Գրենա Քոչարյանի ընտանիքն է ապրում այս տանը․ երեքով են՝ ինքը, կինն ու որդին։

Գրենա եւ Անժելա Քոչարյանները

Թրուսի խութ կոչվող բլրին է նայում Քոչարյանների տունը․ հենց այդ բլրի ծայրին էլ պատերազմից հետո հաստատվել են ադրբեջանցիները։ Այս բլուրն 90-ականներին ազատագրել են մերոնք, հիմա հակառակորդն այնտեղ է՝ հիմնավորմամբ, թե GPS-ն է այդպես ասում՝ ինչպես պատմում է Անժելան՝ Գրենա Քոչարյանի կինը։

Ադրբեջանցիների դիրքերը՝ Թրուսի խութ կոչվող բլրի վրա

Աչքը եփվող սուրճին՝ տիկին Անժելան հոգոց է հանում ու ասում, որ թեեւ սադրանքներ չեն լինում, բայց այնպես չէ, թե սրտները հանգիստ է․ դե, գյուղի պռնկին է նստած հակառակորդը, չգիտես՝ ինչ կլինի ամեն օրվա հետ։ Անվտանգության հարցն իրենց անհանգստացնում է, իհարկե, բայց հավասար մտահոգիչ է նաեւ այն, որ գյուղում աշխատանք չկա, արտ ու արոտ չկա․ գյուղում 373 խոշոր եղջերավոր անասուն կա, մարդիկ այդքանն էլ մի կերպ են պահում։ 

«Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ ա, ինքը չի աշխատում, թոշակն էլ՝ կտրած, չորս տարի ա՝ կտրել են։ Հետաքրքրվել ենք, դե տեսնանք՝ էս ամիսը կվերականգնվի՞, թե՞ հլա կմնանք, հլա գյուդում չենք։ Մինչեւ մարզպետարան, մինչեւ Երեւան ասել ենք։ Տեսնանք․․․»,- ասում է տիկին Անժելան, որն այժմ տան միակ աշխատողն է, Արավուսի՝ յոթ աշակերտ ունեցող դպրոցի ուսմասվարն է՝ կես դրույքով, ընդամենը 33 հազար դրամ աշխատավարձով։ 

Արավուսի 50-ից ավելի հեկտար հողատարածք անցել է հակառակորդի հսկողության տակ․ եթե նախկինում անասուն պահելով, արտ ցանելով ապրուստի միջոց են ունեցել գյուղացիները, հիմա ոչ հող ունեն, ոչ անասուն․

«Արոտ չկա, արոտը վերցրած ա, թորքերն ընդեղ կանգնած են, ով էլ անասուն ա ունեցել, լրիվ ծախել են, լրիվ տվալ են պարտքավ, հիմա ոչ պարտքն են տալիս, ոչ անասուն կա։ Որ արոտ չկա, դրա համար ծախել են անասուններին, ամեն մեկը մի հատ, երկու հատ տհենց քիչ պահալ են, ինչքան արոտ ա ելալ, վերցրել են թորքերը»,- Քոչարյաններն են պատմում։

Իրենք էլ մի լավ օրի չեն, բայց ամուսնու հետ համոզում են սուրճից հետո անպայման հավ մորթել-սարքել, մեկ էլ չէ՝ երկու։

Հողատարածքները՝ արոտ կամ արտ, եթե չեն էլ անցել հակառակորդի հսկողության տակ, հիմա նրանց դիտարկման տիրույթում են․ մարդիկ ռիսկ չեն անում շատ մոտենալ այդ դաշտերին․ «Մինչեւ էսօր ապասնի պյան չի եղել, բայց դե․․․»,- խոսքը կիսատ է թողնում տիկին Անժելան։ Քթիս տակ ասում եմ՝ «Դժվար ա, հա, ձեր գյուղում», ծոր տալով ասում է՝ շա՜տ։

Բլրի վրա՝ ադրբեջանցիների դիրքերը

Ասել, որ Արավուսում ճանապարհներն անմխիթար վիճակում են, կնշանակի ոչինչ չասել․ տնից տուն գնալիս մինչեւ կոնքերը ցեխի մեջ կարող ես թաթախվել։ Բայց մարդիկ տներում փակված չեն նստում․ գյուղում քիչ, բայց շարժ կա․ մի երեխա հեծանիվ է քշում, մի տատ հարց ու փորձ է անում՝ «ով ես, ինչացու ես, ինչ կա էս կողմերումը», ասում, որ չամուսնացած տղաներ կան գյուղում ու աչքով անում։

Արավուսցի փոքրիկն՝ իր շան հետ

Կովերին գոմ են տանում, ձիերի տակ մաքրում, տարեց պապիկները զրուցում դեսից-դենից, ադրբեջանցուց-թուրքից, պատերազմից, կյանքից։ 

Արավուսի 85-ամյա բնակիչ Միշա Ավագյանը պատմում է, որ անասուններին քարանձավներում են պահում, անասնակերը մի կերպ առնում են, բայց միջոցները չեն բավարարում, թոշակը չի հերիքում, դրանով տնտեսական հարցերն են լուծում հազիվ։ Բայց ասում է՝ Արավուսում ծնվել է, այստեղ էլ մնալու է մինչեւ կյանքի վերջ։

Միշա Ավագյանը

Մեքենային հենված է գյուղի հովիվը՝ Ֆելիքս Ավագյանը, որին ամիսներ առաջ առեւանգել էին ադրբեջանցիները, երբ նա անասուններին արածեցնելու էր տարել ու նստել՝ հաց ուտելու՝ առանց մեր հսկողության տակ եղած տարածքն անցնելու։ 

Ֆելիքս Ավագյանը

Ադրբեջանցիներն Ավագյանի անասունների մի մասը վերադարձրել են, հինգին՝ պահել, այդպես էլ չեն տվել։

Ֆելիքսը քչախոս մարդ է։ Գյուղում շատերն են քիչ խոսում։ Երբեմն անորոշություն կա նրանց հայացքում՝ ո՞ր հարցը լուծել, ո՞ր խնդրի մասին խոսել, որտե՞ղ է ճշտի ու սխալի հատման կետը։ Եւ սպասում կա նրանց կիսատ ասած խոսքերում՝ որտե՞ղ է պատերազմի վերջակետն ու խաղաղության գլխագիրը, երբ շեմքիցդ մետրեր հեռու զինված ադրբեջանցին է։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել