Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգին
18:00 - 03 փետրվարի, 2022

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ 

Վարչապետը ողջունել է պարոն Շալենբերգի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-ավստրիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նշելով, որ այս տարի լրացել է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա փոխգործակցության մեծ ներուժ կա: Այն իրացնելու համատեքստում վարչապետը կարևորել է քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում Հայաստանի ու Ավստրիայի կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Երևանում հայ-ավստրիական գործարար ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնմանը, համատեղ նոր ներդրումային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Ալեքսանդր Շալենբերգը նշել է, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ ունեցել է արդյունավետ բանակցություններ և նշել, որ Ավստրիան շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ բոլոր ուղղություններով: Ավստրիայի ԱԳ նախարարը ևս կարևորել է տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնումը և հավելել, որ ավստրիացի գործարարները մեծապես հետաքրքրված են մեր երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններով: Ալեքսանդր Շալենբերգը ողջունելի է համարել ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին դրանց հետագա արդյունավետ ընթացքն ապահովելու գործում:  

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Շալենբերգն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել է ՄԽ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցի իրականացումը:

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հնարավորություններին և դրա համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել