Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին |armenpress.am|
13:17 - 28 հունվարի, 2022

Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհակալ է բոլոր այն մարդկանցից, ովքեր պարբերաբար տեսնում են իրեն տարբեր բարձր պաշտոններում, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, սակայն քանի դեռ Արմեն Սարգսյանի հրաժարականը ընդունված չէ, Մարուքյանն անլուրջ է համարում Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածության հարցը քննարկելը: Այդ մասին նա ասել է Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ այցելել էր Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հերոսների հիշատակին:

«Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականը ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր ուղերձով է հանդես եկել Բանակի օրվա առիթով, հետևաբար անլուրջ է ընդհանրապես նման հարց քննարկելը: Մյուս կողմից նաև շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում», - նշել է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:

Մարուքյանի խոսքով՝ այդպիսի առաջարկ իրեն չի եղել և չէր էլ կարող լինել: Նա վստահ է, որ իշխանությունները այս պահի դրությամբ դեռ չեն էլ քննարկել այդ հարցը:

«Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ չպատկերացնեմ: Դա սխալ քննարկում է», - հավելել է Էդմոն Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել