Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում նկատվում է Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ․ Անահիտ Ավանեսյան
12:15 - 27 հունվարի, 2022

Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում նկատվում է Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում, ողջ աշխարհում նկատվում է Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ հիվանդացության առումով այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք․

«Միակ ուրախալի լուրն այն է, որ հիվանդացածների միայն 5-6%-ն ունի հոսպիտալացման կարրիք։ Սրան են նպաստում ինչպես պատվաստվածների մեծաթիվ ընդգրկվածությունը, այնպես էլ շտամի որոշակի առանձնահատկությունները։ Մենք առաջիկայում արդեն իսկ ունենք հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման հստակ պլանը, այս պահին այն դեռ ամբողջովին չենք գործարկել, այն կանենք ըստ պահանջի»,- ասաց նախարարը։ 

Նրա խոսքով՝ ներկայում 6 բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ, հընթացս, ըստ կարիքի, կծավալեն հավելյալ մահճակալային ֆոնդ։ 

Ավանաեսյանը նաեւ նշեց, որ պատվաստումներն ակտիվ շարունակվում են։ Առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը։ 

«Վերջին շաբաթվա ընթացքում նկատում ենք պատվաստումների թվի աճ, ինչն ուրախալի է, եւ նորից պետք է շեշտադրենք, որ պատվաստումներն իրենց նպատակն իրականացրել են։ Պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ, կամ սիմպտոմները թեթեւակի են։ Մեր նպատակը եղել է հենց դա՝ նվազեցնել ծանր ընթացը, հնարավորինս նվազեցնել մահվան դեպքերը»։

Նախարարը նաեւ հայտնեց, որ Հայաստանում պատվաստանյութերի բավարար պաշար կա, հընթացս էլ իրականացվում են մատակարարումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել