Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվարի եւ փետրվարի համար դրամական աջակցություն կտրամադրվի
11:56 - 27 հունվարի, 2022

Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվարի եւ փետրվարի համար դրամական աջակցություն կտրամադրվի

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվար, փետրվար ամիսների համար դրամական աջակցություն կտրամադրվի։

ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ արդեն հաստատվել է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվում ՀՀ կառավարության 2020թ․ նոյեմբերի 21-ի N 1820-Լ (300000 դրամ) կամ ՀՀ կառավարության 2020թ․ դեկտեմբերի 10-ի N 2021-Լ (250000 դրամ) որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակում ներառված) քաղաքացիներին:

Դրամական օգնությունը նշանակում և վճարում է ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)։

Անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ կտրամադրվի։ 

Դրամական օգնության գումարը բանկի կողմից վճարվում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով բանկը չի կարող գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, ապա բանկը վճարումն իրականացնում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի)՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Այս դեպքում շահառուները կարող են ստանալ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17-ը, իսկ մինչև դեկտեմբերի 21-ը չվճարված գումարները բանկերը վերադարձնում են պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների (երեխայի օրինական ներկայացուցչի) տվյալները, ում չի վճարվել դրամական օգնության գումարը և ամիսները, որոնց համար բանկին փոխանցված դրամական օգնության գումարը չի վճարվել շահառուին (երեխայի օրինական ներկայացուցչին)։

Նշված միջոցառման շրջանակներում դրամական աջակցության գումարները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար վճարվել է 2021 թվականին։

Կառավարության ընդունած որոշմամբ կերկարաձգվի նաև վճարող կազմակերպության կողմից  աջակցության վճարման և չվճարված գումարները պետական բյուջե վերադարձնելու հետ կապված ժամկետները։

Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուները գտնվում են սոցիալական անբարենպաստ վիճակում և հատկապես ձմեռային ամիսների ընթացքում կատարում են ավելի շատ  ծախսեր՝ կապված կոմունալ վճարումների հետ, երկարաձգվում է խնդրո առարկա միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցության ժամկետները ևս 2 ամսով (2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար)։

Ծրագրից օգտվելու համար նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել