ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար
22:54 - 26 հունվարի, 2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 26-ին ընդունել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ դոկտոր Իոաննա Վրոնեցկային: 

«Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 26 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (Մ.Ա.Կ.) Ընդհանուր Քարտուղար Անթոնիօ Կութիերեսի ներկայացուցիչ՝ դոկտ. Եոաննա Վրոնեցքային:
 
Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին նամակ մը յանձնեց Մ.Ա.Կ.ի Ընդհանուր Քարտուղարին կողմէ: Նամակին մէջ Ընդհանուր Քարտուղարը իր գնահատանքը կը յայտնէր Նորին Սրբութեան, ընդհանրապէս Լիբանանի տագնապը դիմագրաւելու գծով իր կատարած ճիգերուն, միջ-համայնքային երկխօսութեան բերած իր կարևոր ներդրումին, ինչպէս նաև 20 Դեկտեմբեր 2021-ին, Լիբանանի վեց գլխաւոր համայնքներու հոգևոր պետերուն հետ իր ունեցած հանդիպման Վեհափառ Հայրապետին բերած կարևոր նպաստին:
 
Վեհափառ Հայրապետը իր շնորհակալութիւնը յայտնեց Ընդհանուր Քարտուղարին՝ նամակի ճամբով իր պարզած մտածումներուն ու մօտեցումներուն համար: Ապա հանդիպումը առիթ մը հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու աշխարհը յուզող ներկայ հարցերուն և յատկապէս Լիբանանի այժմու կացութեան: Այս ծիրէն ներս Նորին Սրբութիւնը շեշտեց, թէ խորհրդարանական ընտրութիւն կատարելու, միջազգային դրամատան և միջազգային ֆինանսական կազմակերպութիւններուն հետ գործակցաբար Լիբանանի տնտեսական տագնապը բարելաւելու ու ժողովուրդին ընկերային կարիքներուն շուտափոյթ թարման գտնելու անհրաժեշտութիւնը:
 
Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը բաժնելով Վեհափառ Հայրապետին տեսակէտները, իր կարգին յիշեցուց, թէ Մ.Ա.Կ.ը կարևորութեամբ կը շեշտէ ընտրութիւն կատարելու հրամայականը և իր կարգին կը քաջալերէ միջազգային դրամատնային ու տնտեսական կազմակերպութիւնները՝ աջակցելու Լիբանանի տնտեսութեան շուտափոյթ վերականգման աշխատանքներուն: Հանդիպումէն յետոյ Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը ճաշի հիւրը եղաւ Նորին Սրբութեան»,- ասված է հայտարարությունում:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել